Բրիտանացի հրահանգիչները Կիևում վերսկսել են ուկրաինական զորքերի մարզումները

Բրիտանական հատուկ ջոկատայինները վերսկսել են ուկրաինական զորքերի ուսուցումը Կիևում և շրջակայքում, հայտնում է «Թայմս» թերթը։

Ուկրաինական երկու գումարտակների սպաները հրատարակչությանը հայտնել են, որ անցած և նախորդ շաբաթների ընթացքում նրանք ռազմական պատրաստություն են անցել Մեծ Բրիտանիայի հատուկ օդային ծառայության (SAS) հրահանգիչների ղեկավարությամբ։

Կիևի Օբոլոնսկի շրջանում տեղակայված ստորաբաժանման կապիտան Յուրի Միրոնենկոն ասել է, որ բրիտանացի զինվորական հրահանգիչներ են ժամանել, որպեսզի ուկրաինական զորքերին սովորեցնեն, թե ինչպես պետք է կիրառել NLAW հակատանկային հրթիռները։ ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկացիներն իրենց դաշնակիցների հետ միասին ուկրաինացի զինվորականներին են հանձնել 60 հազար հակատանկային և 25 հազար հակաօդային համակարգեր։

Հրապարակման մեջ նշվում է, որ փետրվարին բրիտանացի ռազմական հրահանգիչները լքել են Ուկրաինայի տարածքը։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է հաստատել հրահանգիչների վերադարձի մասին տեղեկությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։