Կենսաբանական զենքի նորագույն բաղադրիչների ստեղծմամբ զբաղված Ուկրաինայի կենսալաբորատորիաների արևմտյան կուրատորների անունները

ՌԴ պաշտպանության նախարարության նոր բացահայտումները

 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ, ինչպես ավելի վաղ խոստացել էր, հայտնել է կենսաբանական զենքի նորագույն և առավել մահացու բաղադրիչների ստեղծմամբ զբաղված Ուկրաինայի կենսալաբորատորիաների արևմտյան կուրատորների անունները:

Ռուս զինվորականներին հայտնի են դարձել ԱՄՆ ռազմակենսաբանական գաղտնի ծրագրի հետաքրքրություններից, շահերից բխող հետազոտություններով զբաղված Ուկրաինայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ամերիկացի և եվրոպացի աշխատակիցների անունները: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական (ՃՔԿ) պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ- լեյտենանտ Իգոր Կիրիլովը:

«Ուկրաինայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է ԱՄՆ քաղաքացի Քերտիս Բելայաչը։ Ծնվել է 1968թ. օգոստոսի 27-ին Կալիֆոռնիայում, սովորել է Կալիֆոռնիայի Անդերսոնի անվան կառավարման համալսարանում: Ունի միջազգային ֆինանսների մագիստրոսի կոչում և աշխատում է Ուկրաինայում 1994 թվականից»,- «РИА Новости»-ի տեղեկացմամբ, ասել է Կիրիլովը։

Եվրամիությունից Ուկրաինայի գիտատեխնոլոգիական կենտրոնի վարչության նախագահն է Էդդի Արթուր Մայերը: ԱՄՆ-ից կենտրոնի աշխատանքը վերահսկում է Ֆիլ Դոլլիֆը, որը Պետդեպարտամենտում զբաղեցնում է միջազգային անվտանգության և զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ծրագրերի հարցերով քարտուղարի խորհրդականի տեղակալի պաշտոնը։ Տեսեք` ինչ պաշտոն է զբաղեցնում, բայց ինչով է զբաղված եղել… Բայց և մի զարմացեք. չէ՞ որ խոսքը քաղաքական առումով մի պոռնիկ պետության` ԱՄՆ-ի մասին է:

Ինչպես ընդգծել է Կիրիլովը, պաշտպանության նախարարություն ստացած փաստաթղթերը հաստատում են Պենտագոնի հետ Ուկրաինայի գիտատեխնոլոգիական կենտրոնի կապն ամերիկյան ռազմական գերատեսչության գլխավոր կապալառուի` «Black & Veatch» ընկերության միջոցով։ Մասնավորապես, Մոսկվան իր տրամադրության տակ ունի ֆիրմայի փոխնախագահ Մեթյու Վեբերի նամակագրությունը, որտեղ նա պատրաստակամություն է հայտնում համագործակցել Ուկրաինայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հետ այդ երկրում ռազմակենսաբանական հետազոտությունների հարցում։

2014 թվականից ի վեր, Ուկրաինայի գիտատեխնոլոգիական կենտրոնն ավարտել է ավելի քան 500 ծրագիր Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում: Պատկերացնո՞ւմ եք, թե նշված իրողությունն ինչ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի և ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի և բազմաթիվ այլ երկրների համար: Հարցը մասնավորապես ուղղված է նրանց, ովքեր «մոռացած» անհրաժեշտ ինքնապաշտպանության ինստիտուտի կամ սկզբունքի գոյության մասին, Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունը համարում են ոչ իրավաչափ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանին մեղադրում են նշված գործողությամբ Ուկրաինա ներխուժելու, այդ երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու և պետական ինքնիշխանությունը ոտնահարելու մեջ:

Ըստ Կիրիլովի, վերջին տարիներին ԱՄՆ-ն ավելի քան 350 մլն դոլար է ծախսել հիշյալ կենտրոնի շահագործման վրա, որը, կանոնադրական փաստաթղթերի համաձայն, գործում է իբրև միջազգային միջկառավարական կազմակերպություն և, առաջին հայացքից, ընդհանուր ոչինչ չունի Պենտագոնի հետ։ Ուկրաինայի գիտատեխնոլոգիական կենտրոնի իրավական կարգավիճակը որոշվում է 1993թ. հոկտեմբերի 25-ին Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Կանադայի և Շվեդիայի կառավարությունների միջև կնքված համաձայնագրով։

«Միևնույն ժամանակ, ՌԴ պաշտպանության նախարարության Քիմիական և կենսաբանական սպառնալիքների փորձագիտական ​​կենտրոնը պարզեց, որ Ուկրաինայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գործունեության հիմնական տեսակը դրամաշնորհների բաշխիչ կենտրոնի գործառույթի իրականացումն է՝ Պենտագոնին հետաքրքրող հետազոտություններ իրականացնելու համար, այդ թվում՝ կենսաբանական զենքի ոլորտում»,- ասել է Կիրիլովը։

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի գիտատեխնոլոգիական կենտրոնի պատվիրատուն և հովանավորները հանդիսանում են Պետդեպարտամենտը և Պենտագոնը, ֆինանսավորումը կատարվում է նաև ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալության, գյուղատնտեսության, առողջապահության և էներգետիկայի նախարարությունների միջոցով:

«Ամերիկյան կուրատորները, առաջին հերթին, հետաքրքրված էին երկակի նշանակության հետազոտություններով, օրինակ՝ նախագիծ 6166-ը  («Հակամարտությունների և սպառնալիքների վրա զանգվածային ոչնչացման զենքերի տարածման ազդեցության մոդելավորման, գնահատման և կանխատեսման համար տեխնոլոգիաների զարգացում»), նախագիծ 9601-ը («Եվրամիությունում ուկրաինական երկակի նշանակության բարդ նյութերի արտադրության տեխնոլոգիաների փոխանցում»)»,- ասել է ՌԴ ԶՈւ ՃՔԿ պաշտպանության զորքերի ղեկավարը։

Նա պարզաբանել է, որ բազմաթիվ հետազոտություններ նվիրված են եղել կենսաբանական զենքի պոտենցիալ ագենտների և տնտեսապես նշանակալի վարակների հարուցիչների ուսումնասիրությանը, ինչպիսիք են թռչնագրիպի և խոզերի աֆրիկյան ժանտախտի ախտածինները: P-364, 444 և 781 նախագծերը` ուղղված միջատ- փոխադրողների, վայրի թռչունների և չղջիկների միջոցով վտանգավոր վարակների հարուցիչների տարածման ուսումնասիրությանը, ֆինանսավորվել են ԱՄՆ ռազմական գերատեսչության շահերից ելնելով:

Ինչպես արդեն հայտնել են ՌԴ ՊՆ-ում, ԱՄՆ-ն ավելի քան հարյուր միլիոն դոլար է ծախսել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի վրա, որոնք մասնակցել են ամերիկյան ռազմակենսաբանական ծրագրին և գործ են ունեցել, մասնավորապես, ժանտախտի և սիբիրյան խոցի հարուցիչների հետ:

Տեղեկացվում է նաև, որ ընդհանուր ցանցը բաղկացած է եղել Պենտագոնի հետաքրքրությունների համար աշխատող ավելի քան 30 հաստատություններից: ՌԴ հատուկ գործողության մեկնարկից հետո Ուկրաինայից հանվել այն ամենը, ինչ կապ է ունեցել ամերիկյան ծրագրի շարունակման հետ։

 

Արթուր Հովհաննիսյան