Երեկվա իմ այդ ելույթով մենք տարածություն բացեցինք ՀՀ-ի և Արցախի համար․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատեց ապրիլի 13-ին Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները ներկայացնելիս հնչեցրած իր հայտարարությունները և որոշ պարզաբանումներ ներկայացրեց։

«Կներեք, որ ես պետք է գնահատեմ իմ ելույթը, բայց ես հստակ գնահատական ունեմ իմ ելույթի վերաբերյալ, այդ ելույթով մենք տարածություն բացեցինք ՀՀ-ի և Արցախի համար, որովհետև նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանը և Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից։ Մենք ճանապարհ ենք բացում Հայաստանի և Արցախի պետականությունը պահպանելու համար»,-խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է լինի ղարաբաղցի, արցախցի և հայ»,-ասաց գործադիրի ղեկավարը և հավելեց, որ հայ նահատակները նրա համար են ընկել, որ հեռանկար բացվի Հայաստանի և Արցախի համար, քանի որ 1998-ից փաթեթափուլային տարբերակով Հայությունը զրկվել է տարածությունից:

«Մենք ճանապարհ ենք բացում, որ, հազար ներողություն, մեր ժողովրդին մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Ես այսօր ամբիոնի մոտ կանգնած ասում եմ՝ ո՛չ, Հայաստանն ինքնիշխան պետություն է, որ մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, որովհետև մենք երկիր ենք, մենք ախոռ չենք, երկիր ենք: Մենք քաղաքացի ենք, մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղեր որոշեն, թե ոնց և ինչքան մորթեն և ոնց և ինչքան մեզ ներեն: Մենք պետություն ենք, ազգ ենք, ինքնիշխան ենք, այո, մենք հպարտ ենք, այո, մենք արնածոր ենք, բայց մենք ունենք ինքնասիրություն և թույլ չենք տա որոշելու մեր իրավունքը խլել մեզնից, մանիպոլյացնելով, մեզ հայրենասիրության մոդելներ հրամցնելով,  և ասելով՝ այ դուք, պետք է հայրենասեր լինեք այնպես, ինչպես մեզ է ձեռք տալիս»:

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հասկանալ հային ցեղասպանելու խորքային պատճառները:

«Զինվորները ընկել են, որ թույլ չտան դարերով մեզ պահել մատաղացու գառների կարգավիճակում: Մենք հազարամյա պատմություն ունենք, բայց այդ պատմութունը պետք է ինքներս գրենք և սովորենք, այլ ոչ թե թույլ տանք, որ ուրիշները գրեն և մատուցեն այդ պատմությունը մեզ»,-ասաց նա: