Շուշիի հարցը 1996-ից եղել է բանակցային սեղանին․ Փաշինյան (տեսանյութ)

Իմ ելույթին Սերժ Սարգսյանի արձագանքը տվեց մի ֆունդամենտալ և կարևոր հարցի պատասխան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ այս դահլիճում ես ներկայացրեցի 1998-ից 2018 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների շղթան: Պատահական չէ, որ այդ 3 ժամանոց քննարկումից Սերժ Սարգսյանն անդրադարձել է միայն մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք, և որ ինքը փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել է, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ, միանշանակ, պետք է լուծվի փուլերով», – հայտարարեց վարչապետը:

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը միայն այդ դրվագին է արձագանքել, որովհետև այս դրվագի պարզաբանմամբ ֆունդամենտալ մի հարց է լուծվում, որ 1998 թվականի իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղի որևէ կարգավիճակի համար էր, ոչ թե Ղարաբաղը ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր. «Սա է պատճառը, որ նա անդրադարձել է միայն այս դրվագին, որովհետև միայն այս պարզաբանումը ընդգծում է, որ 20 տարվա պատմությունը ունեցել է բոլորովին ուրիշ համատեքստ: Ամենևին էլ պատահական չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, վերադառնալով 2018 թիվ, ասում է «ես այն ժամանակ ուզում էի մնալ վարչապետ Ղարաբաղի հարցի համար». նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է»,- ասաց Փաշինյանը:

«Սերժ Սարգսյանը նաև հայտարարել է, որ երկար ժամանակ չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։ Սա էլ այն հարցի պատասխանը, թե պատերազմական իրադրության հեղինակը ո՞վ է, մե՞ր իշխանությունն է պատերազմի հեղինակը, թե մեր իշխանությունը չի: Երբ ասում են՝ կարելի էր պատերազմը կանխել, դա ժանր է, որ կոչվում է գրոտեսկ: Ես ասում եմ՝ պատերազմը կարելի էր կանխել Սերժ Սարգսյանի հիշատակած անիրատեսական ու անընդունելի պահանջները կատարելու արդյունքում»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, բանակցություններում որևէ կարգավորում չէր լինելու, մինչև Շուշիի հարցը չլուծվեր, որը 1996-ից եղել է բանակցային սեղանին. «Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու. ու ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր: հեքիաթներ են պատմում, թե Լաչինի միջանքը էսպես պետք է լիներ, այնպես պետք է լիներ: Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչ մի բան չկար: Դա հետո պետք է քննարկվեր: Եվ այդ փուլայինին հետո ևս մի փուլ է ավելացել՝ անվտանգության խորհրդի նիստում պետք է որոշվեր ԼՂ կարգավիճակը կամ ընթացիկ կարգավիճակը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում 

Նախօրեին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը արձագանքել էր  Փաշինյանին, https://livenews.am/press/2022/166769/13/19/38/, նշելով «Նա կրկին ստում է և փորձում մոլորեցնել հանրությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին խոսելիս: Իմ պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում ես երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ»։