Վիեննան, Բեռլինը և Բուդապեշտը դեմ են արտահայտվել ռուսական գազի էմբարգոյին

Վիեննան, Բեռլինը և Բուդապեշտը դեմ են ռուսական գազի էմբարգոյին, CNN-ի եթերում ասել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։

«Ավստրիան միայնակ չէ, որ դեմ է ռուսական գազի էմբարգոյին: Մյուս կողմից, Ավստրիան ԵՄ անդամ մյուս երկրների և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կողքին է: Բայց պատժամիջոցները պետք է ավելի ուժեղ հարվածեն Ռուսաստանին, քան Եվրամիությանը»,- ասել է նա։

Կանցլերի խոսքով՝ Եվրահանձնաժողովը և ԵՄ խորհուրդն արդեն քննարկում են նավթի մատակարարումների արգելքը, սակայն գազն առանձին հարց է, քանի որ դրանով է պայմանավորված տարբեր երկրների արդյունաբերությունը։

«Գիտեք, Եվրամիությունը որոշել է, որ մենք պետք է փորձենք ամեն ինչ անել ռուսական գազից կախվածությունը դադարեցնելու համար, Ավստրիան նույնպես դա է ցանկանում: Բայց հիմա դա անհնար է: Դա ժամանակ կպահանջի», – հավելել է Նեհամերը:

Ավստրիայի կանցլերը ապրիլի 11-ին այցելել է Մոսկվա և բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումն անցկացվել է փակ դռների հետևում։ Ավելի ուշ ընդդիմադիր Ավստրիական Ազատություն կուսակցության ղեկավար Հերբերտ Քիքլը կշտամբել է Նեհամերին՝ էներգամատակարարման խնդրին չանդրադառնալու համար։