Անհամբեր սպասում եմ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զինծառայողներին շանսատակ անելու մասին տեղեկությանը. 2

Սկիզբը` այստեղ

Միացյալ Նահանգները, РБК-ի տեղեկացմամբ, օրերս հայտարարել է Ուկրաինային զենք մատակարարելու առնչությամբ տարվող շուրջօրյա աշխատանքի մասին: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այս առումով ԱՄՆ-ի գլխավոր նպատակը ձևակերպել է այսպես` օգնել Ուկրաինային` հնարավորինս ամուր դիրքեր գրավելու «ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ»։ Իրականում դա ԱՄՆ-ի գլխավոր նպատակը չէ, այլ ընդամենը միջոց գլխավոր նպատակին` Ռուսաստանի քայքայմանը, մասնատմանը, կործանմանը հասնելու և միաբևեռ աշխարհակարգ հաստատելու համար:

«Մենք նաև դաշնակիցներից և գործընկերներից փնտրում ենք սպառազինության համակարգեր, որոնք ուկրաինացիներն արդեն գիտեն, թե ինչպես օգտագործել»,- «CBS News»-ին տված հարցազրույցում ասել է նա, որպես օրինակ բերելով С-300 զենիթահրթիռային համալիրների վերջին փոխանցումը Սլովակիայի կողմից։

Ամերիկայի նախագահի խորհրդականը հայտնել է նաև, որ ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինային սպառազինության և այնպիսի համակարգեր փոխանցելու հնարավորությունը, որոնց օգտագործման համար ուկրաինացի զինվորականները պետք է հատուկ պատրաստություն անցնեն։ Սալիվանը հրաժարվել է պատասխանել հարցին, թե որոշակի ի՞նչ տեսակի զենքի մասին է խոսքը։

«Որպեսզի պարզություն մտցվի, ես չեմ պատրաստվում, ինչպես ասացի այս շաբաթ ավելի վաղ, գովազդել ռազմական օգնության բոլոր տեսակները, որոնք ԱՄՆ-ը կցուցաբերի օպերատիվ ռեժիմով»,- ասել է նա:

Արդեն հայտնի է, որ ուկրաինացի զինվորականները պետք է հատուկ պատրաստություն անցնեն Արևմուտքում, հավանաբար, հենց ԱՄՆ-ում: Որոշ տեղեկություններ հիմք են տալիս ենթադրելու, որ նրանց այնտեղ սովորեցնելու են ամերիկյան «Патриот»  հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համալիրների օգտագործումը, որպեսզի Միացյալ Նահանգներն առաջիկայում նաև այդ զինատեսակից փոխանցի Ուկրաինային` վերջ տալով այդ երկրի երկնքում ռուսական օդուժի գրեթե լիակատար գերակայությանը, ինչպես նաև հնարավորություն տալով խոցել ռուսական հրթիռների հիմնական մասը, որոնք այժմ անխոցելի են:

Հիշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ից քանիցս խնդրել է փակել Ուկրաինայի երկինքը կամ, հակառակ դեպքում, տրամադրել վերոնշյալ համալիրները: Դրանց ձեռքբերումը Զելենսկու երազանքն է: Ուկրաինային «Патриот» համալիրների մատակարարումն ԱՄՆ-ի համար անհրաժեշտություն է դարձել, քանի որ Սլովակիայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, թեկուզ նույնիսկ Հունաստանից, որի սպառազինության կազմում նույնպես С-300 համալիրներ կան, դրանք ձեռքբերելու և Ուկրաինային փոխանցելու հնարավորությունները սահմանափակ են, քանակը չի բավարարում Ուկրաինայի կարիքին ու պահանջին:

Բացի «Патриот» համալիրներից, ԱՄՆ-ն Ուկրաինային առաջիկայում կարող է տրամադրել նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանի, տարաբնույթ հրթիռներ ու նույնիսկ ուղղաթիռներ ու տանկեր, իհարկե, ուկրաինացի զինվորականներին նախապես սովորեցնելով դրանցից օգտվելը:

Եթե մարտի կեսերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կիևին, որպես 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն, խոստացել էր հրաձգային զենքեր (ինքնաձիգներ, գնդացիրներ, նռնականետեր), զինամթերք, դյուրաշարժ զենիթահրթիռային համալիրներ («Stinger»), հակատանկային հրթիռային համալիրներ («Javelin»), հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքեր, ապա դրանից որոշ ժամանակ անց, ինչպես ասում են, կենացները գնալով թնդացան:

Երեկ արդեն տեղեկատվություն հրապարակվեց  այն մասին, որ ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային փոխանցել հրետանային զինատեսակներ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր (Ջեն) Պսակին։ Ինչպես փոխանցել է Պսակին, Ջեյք Սալիվանի խոսքով՝ զենքի տեղափոխման ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթանում են։

Բացի վերոնշյալից, նույն օրը հայտնի դարձավ  նաև, որ Ուկրաինա են տեղափոխվում զրահամեքենաներ, առաջին բեռները հասել են Լեհաստանից և Ավստրալիայից։ Լեհաստանից Ուկրաինա է ուղարկվել T-72M տանկերի և BWP-1 հետևակի մարտական ​​մեքենաների առաջին խմբաքանակը, իսկ Ավստրալիայից «Boeing C-17 Globemaster» ռազմատրանսպորտային ինքնաթիռով` «Bushmaster» առաջին 20 զրահամեքենաները: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է հարյուր T-72M տանկ և անհայտ թվով BWP-1 զրահամեքենաներ ուղարկել Ուկրաինա։

Ինչպես ապրիլի 12-ին տեղեկացրել է  «Известия»-ն, նախօրեին Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջենիֆեր Պսակին ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային, ընդհանուր առմամբ, տրամադրել է 1,7 մլրդ դոլարի զենք Դոնբասում ռուսական օպերացիայի մեկնարկից ի վեր և ավելի քան 2 մլրդ դոլարի՝ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Նա նշել է, որ առաքումները կատարվում են գրեթե ամեն օր, իսկ 2 օր առաջ ԱՄՆ-ը հայտարարել է 100 մլն դոլար հատկացնելու մասին` ուկրաինացիներին ռուսների դեմ պայքարում ամենակարևոր զենքերից մեկի՝ «Javelin» հակատանկային հրթիռային համալիրների մատակարարման համար։

Բացի վերոնշյալից, ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինային առափնյա պաշտպանության համակարգեր տրամադրելու ուղղությամբ՝ համակարգված ավելացնելով զենքի մատակարարումը: Ավելին. ապրիլի 6-ին ճեպազրույցի ժամանակ Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտարարել է, որ ամերիկյան «AeroVironment» ընկերության 100 «Switchblade» կառավարվող թափառող հրթիռների առաջին խմբաքանակն արդեն ուղարկվել է Ուկրաինա։

Մարտի 31-ին CNN-ը հրապարակել է Ուկրաինայի կողմից Մեծ Բրիտանիաին ներկայացված անհրաժեշտ զինատեսակների ցանկը։ Այն ունի 17 կետ, այդ թվում՝ հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր, մարտավարական ռադարներ և անօդաչու սարքերի դեմ էլեկտրոնային պատերազմի սարքավորումներ, ինչպես նաև խորհրդային (ռուսական) արտադրության Սու-25 գրոհային ինքնաթիռներ։

ԱՄՆ-ից բացի, Ուկրաինային զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա են մատակարարում նաև Մեծ Բրիտանիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող ու չհանդիսացող մի շարք այլ երկրներ: Տարեսկզբից Միացյալ Թագավորությունը բազմիցս հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու մասին։ Ապրիլի 9-ին Կիև կատարած այցի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է Ուկրաինային տրամադրել 120 զրահամեքենա և հականավային համակարգեր։ Բրատիսլավան դիտարկում է ինքնագնաց հաուբիցների մատակարարումները Կիև։

Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունից գրեթե անմիջապես հետո, ինչպես տեղեկացրել է  Тvzvezda.ru-ն, Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինային 450 մլն եվրոյի հարձակողական սպառազինություն և 50 մլն եվրոյի պաշտպանական զինատեսակներ, սարքավորումներ ու վառելիք մատակարարելու մասին:

«Ведомости»- ին ապրիլի 5-ին տեղեկացրել է , որ Չեխիան Ուկրաինային է մատակարարել հետևակի մարտական ​​մեքենաներ (BMP-1) և T-72 տանկեր, իսկ մարտի 25-ին հայտնի է դարձել, որ Գերմանիայից Ուկրաինա է մատակարարվել 1500 հատ «Стрела» դյուրաշարժ զենիթահրթիռային համալիր:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան