Մակրոնը առաջիկա օրերին մտադիր է կրկին բանակցել Պուտինի և Զելենսկու հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա օրերին  հեռախոսազրույցներ ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին նա հայտնել է «France 2» հեռուստաալիքի եթերում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Առաջիկա օրերին ես նորից հեռախոսով կխոսեմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Մակրոնը, որն առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում երկրորդ ժամկետի համար։

Մակրոնը նաև ասել է, որ գործադրում է բոլոր ջանքերը Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու և այնտեղ խաղաղությունը վերականգնելու համար։

Միաժամանակ նա նշել է, որ համաձայն չէ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերին, թե այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, իրեն «ցեղասպանություն» է թվում։