Արցախում Ռուսաստանի խաղաղապահների դեմ նախօրոք կազմակերպված հատուկ օպերացիայի հետքերով

Այսօր արդեն ուրվագծվում են վերջին օրերին Արցախում ծառայություն իրականացնող Ռուսաստանի խաղաղապահների դեմ կազմակերպված հատուկ օպերացիայի դետալները։

Ապրիլի 5-ին ընդդիմության կողմից Արցախի դրոշը տեղադրելուց և այնուհետև ԱԺԲ ակտիվիստների կողմից այն ներկելուց հետո, սկիզբ դրվեց Արցախի դրոշի հետ կապված հանրային դիսկուրսի, այդ թվում նաև Ազգային ժողովում, որն ապրիլի 12-ին ավարտվեց ՀՀ ԱԳՆ կողմից Ռուսաստանի խաղաղապահների հասցեին հնչած մեղադրանով և հանրային դաշտում, փաստացի, Ռուսաստանի խաղաղապահներին մեղավոր ճանաչելով։ Ի՞նչ է սա, եթե ոչ նախօրոք կազմակերպված հատուկ օպերացիա։

Ապրիլի 12-ին Ազգային ժողովում Արցախի դրոշի հետ կապված տեղի ունեցած միջադեպից հետո, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են մեկնել Արցախ։

Երեկ, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հայտարարեցին, որ ռուսաստանցի խաղաղապահները թույլ չեն տվել իրենց մուտք գործել Արցախ։ Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանը նշեց, որ ադրբեջանական կողմը ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ամբողջական ցուցակը և այն փոխանցել են ՌԴ խաղաղապահ ուժերի օպերատիվ շտաբ՝ պահանջելով արգելել նրանց մուտքը Արցախ:

Ադրբեջանական կողմից ՌԴ խաղաղապահ ուժերի օպերատիվ շտաբ փոխանցած գրության մեջ հավանաբար գրված է եղել ևս մեկ նախադասություն, ըստ որի ադրբեջանական կողմը զգուշացրել է, որ հայ պատգամավորները անցանկալի անձիք են և Արցախ մուտք գործելու դեպքում, իրենք՝ ադրբեջանցիները, չեն երաշխավորում պատգամավորների անվտանգությունը։ Այս պայմաններում ռուսաստանցի խաղաղապահներին այլ բան չէր մնում անել, քան արգելել ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ։

Ընդդիմադիր պատգամավորների ցուցակը ադրբեջանցիների մոտ կարող էր հայտնվել հետևյալ եղանակով`

  1. Պատգամավորների Արցախ այցի մասին ընդդիմադիրների կողմից հայտարարվել էր հրապարակայնորեն և ադրբեջանցիներն այդ անձանց մասին ընդհանուր առմամբ արդեն գիտեին։
  2. Ադրբեջանցիներին այդ ցուցակը փոխանցել են ՀՀ իշխանությունները։
  3. Ադրբեջանցիներին այդ ցուցակը փոխանցել են Արցախի իշխանությունները։
  4. Ադրբեջանցիները այդ ցուցակը հայթայթել են իրենց հատուկ ծառայությունների միջոցով։

Այդ արգելքից հետո չի ուշանում ՀՀ իշխանությունների արձագանքը։ ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ԱԺ մի խումբ ընդդիմադիր պատգամավորների մուտքի արգելքի մեջ պատասխանատվություն են կրում և մեղավոր են ռուսաստանցի խաղաղապահները։

https://www.mfa.am/…/interviews…/2022/04/12/st_nk/11402

/«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ:

Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»:/

Ակնհայտ է մեկ բան։ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները, կամա թե ակամա, Ռուսաստանի խաղաղապահների դեմ ուղղված օպերացիայի մաս են դարձել։

Արցախի դրոշը այդպես ջանասիրաբար բարձրացնող ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին ընդամենը մեկ հարց ունեմ․ «Ինչո՞ւ եք անտեսում Ռուսաստանի մեկնած օգնության ձեռքը, թե՞ դա ևս հատուկ օպերացիայի մաս է կազմում»։

Ռուսաստանի մեկնած օգնության ձեռքը արտահայտվում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ելույթում հնչած դիրքորոշմամբ, որը վերաբերում է տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքներին։ Սերգեյ Լարվովի այս դիրքորոշումը հնչել է 2022 թվականի մարտի 23-ին։ Ելույթի ամբողջական տարբերակը այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=V6uNvit7nsE

Մեջբերում ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքից․

«Պետք է վերադառնալ ՄԱԿ-ի կանոնադրությանը, որտեղ, ի թիվս այլ բաների, կա հարգանք պետությունների ինքնիշխան իրավահավասարության նկատմամբ։ Սա է հիմնական սկզբունքը։ Գոյություն ունի ազգի ինքնորոշման իրավունք, ինչպես նաև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք:

ՄԱԿ-ի ստեղծման պահից սկսած խոսվում է այն մասին, թե որն է ավելի կարևոր՝ տարածքային ամբողջականությո՞ւնը, ինքնիշխանությո՞ւնը, թե՞ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Եղել են հատուկ խորհրդակցություններ, բանակցություններ։ Դրանք շարունակվում են տասնամյակներ շարունակ։ 1970 թվականին դրանք ավարտվեցին միջազգային իրավունքի սկզբունքների վերաբերյալ կարևորագույն հռչակագրի համաձայնեցմամբ, որը վերաբերում է պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան: Սա ծավալուն փաստաթուղթ է։ Այնտեղ կա բաժին, որը հատուկ նվիրված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի հարաբերակցությանը: Կարծում եմ, որ սա շատ տեղին է, հատկապես ուկրաինական ճգնաժամի համատեքստում և այն, ինչ այժմ քննարկվում է մեր պատվիրակությունների միջև։ Դա կարևոր է նաև այն համատեքստում, թե ինչպիսին պետք է լինի Ղրիմի և Դոնբասի «ճակատագիրը»։ Հիմա հաճախ ասում են, որ պետք է հանրաքվե անցկացնել։ Սա նպատակ ունի ձգձգել գործընթացը:

Համաշխարհային հանրության կոնսենսուսը, որը կնքվել է 1970 թվականի Հռչակագրում, ասում է. «Բոլորը պարտավոր են հարգել պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որի կառավարությունը հարգում է ինքնորոշման իրավունքը և ներկայացնում է այս տարածքում ապրող ամբողջ ժողովրդին»: Ուկրաինան իր տարածքն է համարում Ղրիմը և Դոնբասը, որոնք ռմբակոծել է ութ տարի, քշել նկուղներ, ոչնչացրել քաղաքացիական օբյեկտներ և սպանել խաղաղ բնակիչներին։ Արդյոք Կիևը ներկայացնու՞մ է այսօրվա Ղրիմը կամ այսօրվա Դոնբասը։ Մենք պետք է պաշտպանենք ՄԱԿ-ի արժեքները։ Այնտեղ օգտակար բաներ են արվել։ Պետք է վերադառնալ այս անգին փորձին»։

Հայկ Այվազյան
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար