Չենք բացառում, որ Ադրբեջանը խաղաղության բանակցությունների գործընթացն կդարձնի Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիվ գործողությունների առիթ․ Փաշինյան

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը որքան հնարավոր է արագ, այո, մտնում է մեր պլանների մեջ»,- Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ նա նշեց, որ այստեղ էլ իլյուզիաներ չունեն, որովհետև չեն բացառում, որ Ադրբեջանը կփորձի  խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել՝ դա դարձնելով Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիվ գործողությունների առիթ։

«Նույն հաշվարկը մենք ունենք, ի դեպ,  դելիմիտացիայի աշխատանքների կապակացությամբ, որովհետև չենք բացառում, որ Ադրբեջանն  այդ գործընթացն օգտագործի Հայաստանի նկատմամբ  տարածքային  պահանջներ ձևակերպելու համար՝ դե  յուրե հայտարարելով, որ ոչ մի տարածքային պահանջ էլ չունի։

Հասկանալով և հաշվարկելով բոլոր ռիսկերն ու մարտահրավերները՝ մենք եկել ենք  այն եզրակացության, որ նույն կետում կանգնելն ու գործընթացում  որոշակի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլև ավելի է սրում ռիսկերը։ Սա է պատճառը, որ մենք նաև դելիմիտացիայի հարցում ենք Բրյուսելում եկել համաձայնության մինչև ապրիլի վերջը ստեղծել դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանձնաժողով և սկսել  աշխատանքը»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե որն է այս հարցում իրենց մարտավարությունը. «Ճշտել սահմանների հարցում Ադրբեջանի  պաշտոնական դիրքորոշումները, պաշտոնապես արձանագրել այդ նույն հարցում Հայաստանի դիրքորոշումները, մեր  դիրքորոշումներում լինել մաքսիմալ լեգիտիմ, այսինքն սահմանների ճշգրտման  հարցում օգտագործել միայն  դե յուրե նշանակություն ունեցող փաստեր ու փաստարկներ, այդ լեգիտիմության ճանաչումը ստանալ միջազգային հանրության շրջանում և այս հենքի վրա  համաձայնության հասնել Հայաստան-Ադրբեջան սահմանների վերաբերյալ։

Ինչ է սա նշանակում։ Նշանակում է, որ դելիմիտացիայի  գործընթացում հիմնվել Հայաստանի տարածքի ճշգրտման համար  դե  յուրե նշանակություն ունեցող փաստերի և ոչ թե ցանկությունների կամ  զրույցների վրա»։