Տարակուսանքի տեղիք է տալիս, որ երեկ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել ԱԺ պատգամավորների մուտքը Արցախ․ Փաշինյան

Տարակուսանքի տեղիք է տալիս այն փաստը, որ երեկ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ: Այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի դրույթներին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար է նախատեսված, որ ապահովվի ԼՂ-ի և ՀՀ-ի կապը։ Այդ միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս՝ պատգամավորների շարժը արգելելու համար»,- ԱԺ-ում կառավարության կատարողականի զեկույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ ներխուժման պատմությունը ի ցույց դրեց, որ Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել հոգեբանական ահաբեկչությամբ և զինված ահաբեկչության միջոցով Արցախի հայաթափումը իր հիմնական խնդիրներից է։

«Այստեղ նաև հարցեր են առաջանում խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված։ Բայց այս պահին կարևոր ենք համարում, որ խաղաղապահ զորախումբը միջոցներ ձեռնարկի իր պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերելու համար, սա նաև լրջագույն փորձություն է խաղաղապահների առաքելության համար»,-ասաց Փաշինյանը։