Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի-փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը․ Փաշինյան

Ես մեղավոր եմ, որ 2018-2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ հայտնի շրջաները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում կառավարության 2021 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սրանով պատմությունը չի ավարտվում, որովհետև մի հարց է ժամանակին հանրության ժողովրդի հետ այդ մասին խոսելը, երկրորդ հարց է զիջումների մեջ ժողովրդին համոզելը, և երրորդ հարցը այդ ամենը կյանքի կոչելը:

Որպեսզի ժամանակին այդ մասին ժողովրդի հետ խոսեի, նախ ինքս ինձ պետք է համոզեի, որ դա ճիշտ ճանապարհ է: Եվ ինքս ինձ խոստովանեմ՝ չկարողացա համոզել:

Ինքս ինձ չկարողացա համոզել այն պատճառով, որ 25 տարի մենք Հայաստանի հանրությանն ասել ենք, թե բոլոր զրկանքները որ կրել ենք, ունի մեծ նպատակ և դա Արցախի ազատությունն է: Եվ դժվար է հավատալ, որ այդքան զրկանքների վրա կառուցած բանակը չի կարողանա պաշտպանել մեր երազանքը: Ինքս իձ չկարողացա համոզել, որովհետև աշխարհաքաղաքական կենտրոնները, ընդհանուր առմամբ, նույն ուղղությամբ են մտածում, որ բոլորն էլ աներկբա ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց միակամ չէին պոտենցիալ հանձնումից հետո տեղի ունենալիք իրադարձությունների տրամաբանության մասով: Եվ այդ հակասությունները, որոնք արդեն իսկ սրվել էին Սիրիայում, Լիբիայում, Վրաստանում, ի վերջո, Լեռնային Ղարաբաղում հանգեցնելու էին անխուսափելի պայթյունի:

Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետև երբ ծանոթանում էի բանակցային փաստաթղթերին, համոզվում էի, որ Սերժ Սարգսյանն ամենևին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ է թողնել 7 շրջանները, բայց ամեն անգամ Ադրբեջանը առաջ էր քաշում նորանոր պահանջներ և որ Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են և անընդունելի մեզ համար:

Ինքս ինձ չկարողացա համոզել նաև այն պատճառով, երբ հասկացա, որ  Ռոբերտ Քոչարյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի:

Դժվար էր համոզվել, որ 30 տարիների զրկանքների արդյունքում կարելի է պարզապես հանձնել հաղթանակի պտուղներն ու դիմացը չստանալ ոչինչ. սա ընդունել, նշանակում էր խոստովանել, որ հռչակելով պետություն՝ մենք ստեղծել ենք ֆասադ ու լիովին ու գլխովին ձախողել ենք պետության ինստիտուտցիոնալ կայացման գործը»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ բովանդակային առումով նույն վիճակն է հիմա, և չի կարող նույն սխալները կրկնել. «Այսօր միջազգային հանրությունը Հայաստանին հստակ ասում է՝ լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի համար:

Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի-փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը ու միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջ, հակառակ դեպքում, ասում է միջազգային հնարությունը՝ մեր վրա հույս չդնեք ոչ թե այն պատճառով, որ չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել», – հայտարարեց ՀՀ վարչապետը: