Նրանք հենց հիմա մեկնում են Արցախ՝ վտանգելով Արցախի և Հայաստանի քաղաքացիներին․ Վաղարշակ Հակոբյան

«Մարդիկ, որոնք մինչև այսօր չեն հասկացել, որ Արցախի դրոշը ԱԺ ամբիոնից կախելով իրենք Արցախը չեն պաշտպանում, մարդիկ, որոնք մինչև այժմ չեն հասկացել, 20-30 տարի լինելով իշխանություն՝ չեն պատկերացրել, թե ինչպես պետք է պաշտպանել Արցախը, օրեր առաջ տեղի ունեցած հանրահավաքում խայտառակ մտքեր փոխանակելով և սեփական ժողովրդին բախտախնդրության տանելով, փորձում են էժանագին քաղաքական դիվիդենտներ ապահովել»- այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Դուք այնքան չեք տիրապետում իրավիճակին, որ բացարձակ իրականության հետ կապ չունեք: Գոնե այդ միտինգից հետո, ձեր հնչեցրած մտքերից հետո մի հատ տեսնեիք, թե այդ նույն տարածքում հավաքված մեր համաքաղաքացիները ինչ են խոսում ձեր մասին: Էն պաթոսախառը բառապաշարով Երևանի կենտրոնում Արցախը թուրքից պաշտպանելու արտահայտություններով դուք արդեն վաղուց ձեզ սպառել եք:

Այստեղ միտք հնչեց, որ մենք մեկնում ենք Արցախ՝ ամենակարևոր օրակարգին հետևելու և Արցախի քաղաքացիներին պաշտպանելու: Ես ուզում եմ պնդել հակառակը: Նրանք հենց հիմա մեկնում են Արցախ՝ վտանգելով Արցախի և Հայաստանի քաղաքացիներին: Սա նկատի ունեցեք:

Ես առաջարկում եմ քաղաքական օրակարգը զերծ պահենք բախտախնդիրներից և մեր հայրենակիցներին բախտախնդրության տանելու կոչերից ու մղումներից»,-ասաց նա: