«Մեկնում ենք Արցախ». ընդդիմությունը լքեց դահլիճը՝ ամբիոնում թողնելով Արցախի դրոշը

Հայաստանի և Արցախի առաջ լրջագույն մարտահրավեր են ծառացել՝ պայմանավորված համաշխարհային գլոբալ ճգնաժամով և Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայ վարքագծով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Հայաստան» և Պատիվ ունեմ» դաշինքների նախաձեռնած հանրահավաքում մեր հայրենակիցների կողմից նշվեցին երկրի անվտանգությանն առնչվող այն կարմիր գծերը, որից այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի քայլ անել: Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները, մեր տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը: Անընդունելի ենք համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում: Համոզված ենք, որ Հայաստանի օրվա իշխանություններն անկարող են լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ: Վերջին զարգացումները հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանաթուրքական օրակարգով, կա սպառնալիք ՀՀ տարածքային ամբողջականության, վտանգված է Արցախը:

Այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շրջանակներում մեր ժողովրդի նախապատրաստում ենք նոր զիջումների, նոր պարտության, նոր նվաստացման: Իրավիճակին ոչ համարժեք է իրեն դրսևորում խորհրդարանական մեծամասնությունը, որը մեր իրական օրակարգերն ԱԺ-ում առաջնահերթորեն քննարկելու, լուծումներ գտնելու փոխարեն բացարձակ ձեռնպահ կեցվածք է ընդունում, մանավանդ, երբ հարցը վերաբերում է Արցախին: Կցված լինելով գործադիր իշխանությանը, ապաքաղաքական է դարձնում երկրի թիվ մեկ քաղաքական ինստիտուտը՝ խորհրդարանը:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին ու քվեարկություններին, մենք մեկնում ենք Արցախ ու ՀՀ սահմանամերձ մարզեր», – հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանն ու ընդդիմադիր մյուս պատգամավորները Արցախի դրոշներ տեղադրեցին սեղաններին:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, որ իրենք նույնպես չեն մասնակցելու նիստերին, մեկնում են Արցախ: