Կա՛մ Արևմուտքի պլանները կտապալվեն, կա՛մ կհասնի իր նպատակին, կա՛մ ներկայիս հակամարտությունը կավարտվի Երրորդ համաշխարհայինով. 2

Սկիզբը` այստեղ

 

Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին վերջերս հայտարարել էր, որ Կիևն իրավիճակի քաղաքական կարգավորման գրավոր առաջարկներ է ներկայացրել  «համաձայնեցված, ինչպես մենք հասկանում ենք, Ուկրաինայի ղեկավարության հետ»։

Օրինակ, Մեդինսկու խոսքով` Ուկրաինան հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել Ղրիմն ու Դոնբասը ռազմական ճանապարհով վերադարձնելու ձգտումից ու դառնալ մշտապես չեզոք պետություն՝ երկրի անվտանգության միջազգային իրավական երաշխիքներով, որը չի տարածվի Դոնբասի և Ղրիմի տարածքների վրա։ Ուկրաինան նաև արտահայտել է իր ցանկությունը, որ Ռուսաստանը դեմ չլինի Եվրամիությանը երկրի անդամակցությանը։ Ռուսաստանը հրապարակայնորեն հայտարարել է, որ դեմ չէ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը:

Ըստ ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչների, որոնք նույնպես խոսել են ներկայացված առաջարկների մասին, Ուկրաինան առաջարկել է 15 տարով ամրագրել Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ երկու երկրների հակասական դիրքորոշումները և հրաժարվել այդ ընթացքում Ղրիմի խնդրի ռազմական լուծումից, բացառել դա, իսկ Դոնբասի հանրապետությունների խնդիրը քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների մակարդակով։ Այստեղ են ասել` բարով եկաք…

Ինչպես հասկանալի է Ուկրաինայի ղեկավարության դիրքորոշումից` արտահայտված ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչների միջոցով, Ուկրաինան, նախ, համարում է, որ կա Ղրիմի կարգավիճակի չլուծված խնդիր:

Երկրորդ` առաջարկում է ընդամենը Ղրիմի խնդիրը սառեցնել 15 տարով, իսկ 15 տարի հետո չի բացառում Ղրիմի տվյալ խնդրի ռազմական լուծումը:

Երրորդ` Դոնբասի հանրապետությունների խնդրի առնչությամբ բանակցությունների շրջանակում որոշակի դիրքորոշում չի արտահայտում` այն ձգելով մինչև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում, որպեսզի խնդիրը քննարկվի նախագահների մակարդակով:

Եթե նկատի ունենանք, որ Ուկրաինայի ղեկավարությունը և անձամբ նախագահ Վլադիմիր Զելենսկին մինչ այդ քանիցս հայտարարել են, որ Ուկրաինան իր տարածքային ամբողջականության հարցում որևէ զիջման չի գնալու, ապա պարզ է, որ եթե նույնիսկ Զելենսկի- Պուտին հանդիպումը կայանա, Ուկրաինայի նախագահը չի համաձայնելու ներկայումս դե ֆակտո և դե յուրե գոյություն ունեցող իրողությանը` Ուկրաինայից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախացած վիճակին:

Չորրորդ. Ուկրաինան արդեն սկսել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց, և ցանկանում է, որ Ռուսաստանը դեմ չլինի Եվրամիությանը երկրի անդամակցությանը, այլ կերպ ասած, Ուկրաինայի` Եվրամիությանն անդամակցելուց հրաժարվելը չհամարի հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու և զորքերը երկրից հանելու նախապայման: Եվ սա` այն դեպքում, երբ Եվրամիությունը հրապարակայնորեն հայտարարել է առաջիկայում իր սեփական ռազմական կառույցը ստեղծելու մտադրության մասին: Բնականաբար, հարց է առաջանում` այդ դեպքում Ռուսաստանի համար ի՞նչ տարբերություն` Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդա՞մ կդառնա, թե Եվրամիության, կամ` ՆԱՏՕ-ի՞ անդամ է ցանկանում դառնալ, թե Եվրամիության, որը շուտով իր ռազմական կառույցն է ունենալու:

Որևէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ Ուկրաինան 15 տարի հետո չի հիշեցնի ներկայիս բանակցությունների արդյունքում ամրագրվածը (եթե, իհարկե, բանակցություններն Ուկրաինայի վերոնշյալ առաջարկների ընդունմամբ ավարտվեն, ինչը բացառված է), որ ինքն ընդամենը 15 տարով է հրաժարվել Ղրիմի կարգավիճակի հետ կապված խնդրի ռազմական լուծումից, և հույսը դրած Եվրամիության ռազմական կառույցի վրա, իրեն իրավունք չի վերապահի անցնել նշված խնդրի ռազմական լուծմանը: Իհարկե՛ ոչ: Դժվար չէ հասկանալ, թե այդ դեպքում ինչ հետևանքներ կարող են լինել:

Իսկ Ռուսաստանը գիտակցելով այս ամենը, ինչո՞ւ Ուկրաինայից զորքերը հանելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, որպես նախապայման, չի պահանջում նաև ԵՄ-ին անդամակցելուց Ուկրաինայի հրաժարվելը: Պատասխանը շատ պարզ է. ինչպես Ուկրաինային, Ռուսաստանին նույնպես նախապես հայտնի է, որ բանակցությունները համաձայնությամբ չեն ավարտվելու, խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու:

Պատասխանենք ևս մեկ հարցի` եթե կողմերին նախապես հայտնի է, որ բանակցությունները համաձայնությամբ չեն ավարտվելու, ապա ինչո՞ւ են այդ «թատրոնը» շարունակում: Այն պարզ պատճառով, որ, անկախ դրանից, բանակցություններից հրաժարվելն ինչպես Ուկրաինային, այնպես էլ Ռուսաստանին ձեռնտու չէ, քանի որ այդ դեպքում նրանք արագորեն ձեռք կբերեն պատերազմասերի, ռազմատենչի պիտակավորում, մի պետության, որը չի ցանկանում արյունահեղությունը դադարեցնել ու խնդիրը լուծել խաղաղ, բանակցային ճանապարհով: Իսկ այս դեպքում արդեն հանրային կարծիքի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ ինչպես իրենց երկրների ներսում, այնպես էլ ողջ աշխարհում:

Այո՛, Ռուսաստանին նախապես հայտնի է, որ Ուկրաինայի ապակառուցողական դիրքորոշման և իր կողմից ավելի վաղ հրապարակված պայմանների ու պահանջների կատարումից այդ երկրի հրաժարվելու արդյունքում, ինչն արդեն իսկ ակնհայտ է դառնում, ինքն իր զորքերն Ուկրաինայից չի հանելու, հատուկ ռազմական գործողությունը շարունակվելու է մինչև Ուկրաինայի զինված ուժերի վերջնական ջախջախում, Ուկրաինայի կապիտուլյացիա, կամ էլ` Ուկրաինայի ազգայնամոլական, նեոնացիստական ուժերի լիակատար ոչնչացման շրջանակում նաև Ուկրաինայի ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության ոչնչացում կամ նրանց ճողոպրում երկրից: Հետևաբար Ուկրաինան, քանի դեռ Կիևի ազգայնամոլական, նեոնացիստական վարչակարգը չի տապալվել, միևնույն է, անդամակցելու է ԵՄ-ին, եթե ինքը նույնիսկ դեմ արտահայտվի, այսինքն` դեմ արտահայտվելն իմաստ չունի, խնդիրն այլ կերպ պետք է լուծել:

Ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան նշել է, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ ճնշման տակ կնքված համաձայնագիրը կամ պայմանագիրը վավեր չի համարվում, ուստի այն պետք է կնքվի Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերումից հետո։ Ռուսաստանին նույնպես քաջհայտնի է, որ եթե հիմա Ուկրաինայի և իր միջև նույնիսկ կնքվի խաղաղության պայմանագիր, ապա այն, միջազգային իրավունքի համաձայն, իրոք, համարվելու է առոչինչ, ոչ վավեր, հետևաբար իր և Ուկրաինայի միջև Ղրիմի և Դոնբասի խնդիրները մնալու են չլուծված, Ուկրաինան տարիներ անց իրեն իրավունք է վերապահելու մեծացնել իր զինված ուժերի թվակազմը, սպառազինության մակարդակը ու փորձել, որպես ռազմական կառույց ունեցող Եվրամիության անդամ, ռազմական ճանապարհով լուծել վերոնշյալ խնդիրները:

 

Արթուր Հովհաննիսյան