Առավոտյան բոլոր եկեղեցիներում կատարվելու է Անդաստանի արարողությունը

Ապրիլի 10-ին Հայաստանյան Առաքելական եկեղեցին  տոնախմբելու է Ծաղկազարդի՝ Փրկչի Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը։ Վաղ առավոտյան բոլոր եկեղեցիներում կատարվելու է Անդաստանի՝ աշխարհի չորս կողմերի օրհնության արարողություն։

Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին մեկնաբանել է, թե  ինչ է Անդաստանի արարողությունը և ինչպես է կատարվում այն․

«Անդաստանի արարողության խորհուրդը աշխարհի չորս կողմերի օրհնությունն է: Հնում անդաստանի արարողությունը կատարվել է եկեղեցուց դուրս` արտերի և այգիներ մեջ: Եկեղեցական տոնացույցի համաձայն` «անդաստան ելանել» կամ «անդաստան օրհնել» նշանակում է եկեղեցու ատյանում շրջելով` աշխարհի չորս կողմերն օրհնել:

Արարողության ժամանակ հոգևոր դասը խաչով, խաչվառով, մոմերով, քշոցներով և Ավետարանով, երգելով նախ օրհնում է արևելքը և Հայոց Հայրապետությունը` ս. Խաչի և Ավետարանի նշանով, օրվա շնորհով և հանուն Սուրբ Երրորդության: Այնուհետեւ օրհնվում է արևմտյան կողմը աշխարհի և պահպանության խնդրանք է երգվում քրիստոնյա թագավորությունների և ազգերի համար:

Դեմքով դեպի հարավ կանգնելով` օրհնում են հարավային կողմը, երկրները, անդաստանները և տարվա պտղաբերությունը: Դեպի հյուսիս դառնալով` օրհվում են աշխարհի հյուսիսային կողմն ու այնտեղ գտնվող վանքերը, մենաստանները, քաղաքներն ու գյուղերը և նրանց բնակիչները:

Անդաստանի արարողությունը տոնացույցի համաձայն, տարվա ընթացքում կատարվում է հետևյալ տոներին. Զատկին, Երևման ս. Խաչին, Համբարձումին, Երկրորդ Ծաղկազարդին, Խաչվերացին, Կաթողիկե ս. Էջմիածնի տոնին, Պայծառակերպության` Վարդավառին, Աստվածածնի Վերափոխմանը, Ծաղկազարդին` առավոտյան և երեկոյան, Նոր Կիրակիին, Կարմիր Կիրակիին, Տյառնընդառաջին` երեկոյան, իսկ Աշխարհամատրան կամ Կանաչ Կիրակիին եւ Հինունքին` առավոտյան»։