Արյունդ կթափեմ, դրոշի մոտ ոչ մեկիդ չտեսնեմ․ բախում Ֆրանսիայի հրապարակում

Ֆրանսիայի հրապարակում բախում է տեղի  ունեցել «Ազգային ժողովրդավարական բևեռի» հանրահավաքի մասնակիցների և մի խումբ քաղաքացիների միջև։ Վերջիններս Ֆրանսիայի հրապարակում էին՝ պաշտպանելու Արցախի դրոշը՝ ԱԺԲ ներկայացուցիչներից, որոնք երեկ «մեկ պետություն` մեկ դրոշ»  ակցիայի շրջանակներում ներկել էին Արցախի դրոշի սպիտակ հատվածը։

«Արյունդ կթափեմ, դրոշի մոտ ոչ մեկիդ չտեսնեմ»,- ասաց Արցախի դրոշը պաշտպանող քաղաքացիներից մեկը, երբ ԱԺԲ հանրահավաքի մասնակիցները փորձեցին մոտենալ Արցախի դրոշին։

«Իրենք քայլերթով մոտենում էին դրոշին, որպեսզի արդեն երկրորդ անգամ վնասեն այն, երբ տեսան մեզ, փոխեցին իրենց ուղղությունը։ Չի՛ հաջողվելու, կսպասենք այնքան, մինչև իրենց միտինգը վերջանա։ Ասում են՝ Հայաստանի դրոշը դրեք, դրոշ պաշտպանողներին տեսեք, Հայաստանի դրոշը տարբեր տեղերում կա, Արցախինը ևս պետք է լինի ամեն տեղ»,- լրագողների հետ զրույցում ասաց դրոշը պաշտպանող քաղաքացիներից մեկը։

Ոստիկանները այս պահին ուժեղացված ծառայություն են իրականացնում Ֆրանսիայի հրապարակում։