ՌԴ ՆԳՆ-ը մտադիր է վերցնել ԵՏՄ-ի 3-5 մլն քաղաքացիների մատնահետքերը

Ռուսաստանի ՆԳՆ-ը մտադիր է վերցնել ԵՏՄ-ի 3-5 մլն քաղաքացիների մատնահետքերը՝ ըստ նոր օրենքի, որը թույլ կտա բարձրացնել ՌԴ-ում օտարերկրացիների հսկման որակը, ինչպես նաև բարելավել հանցագործությունների բացահայտման գործը, տեղեկացրել է Ռուսաստանի ՆԳՆ միգրացիայի հարցերի գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Կադոչնիկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։

Մատնահետքեր վերցնելու մասին օրենքը Ռուսաստանում ընդունվել է անցած տարեվերջին։ Դրա համաձայն՝ ժամկետը, որի ընթացքում օտարերկրացիները պետք է մատնահետքեր հանձնեն, կախված է երկրում գտնվելու նրանց նպատակից։ Եթե մարդը ՌԴ-ում ոչ աշխատանքային հարցերով գտնվելու է 90 օրից ավելի, ապա պետք է այս ընթացակարգն անցնի երկիր մուտք գործելու պահից սկսած՝ 90 օրվանից ոչ ուշ։ Աշխատանքային միգրանտները պետք է մատնահետք տան 30 օրվա ընթացքում։

«Մեր գնահատականներով՝ նոր պահանջները թույլ կտան ընդգրկել ԵՏՄ-ի 3-5 մլն քաղաքացու՝ մատնահետքեր հանձնելու և լուսանկարվելու համար, ինչն էապես կբարձրացնի երկրի տարածքում օտարերկրացիների վերահսկման իրականացումը, հանցագործությունների բացահայտումն ու կանխարգելիչ աշխատանքի արդյունավետությունը»,- ասել է Կադոչնիկովը։

Ըստ նրա՝ մատնահետքերով օտարերկրացիների նույնականացան ընթացքում անցած տարի բացահայտվել է 20 հազար մարդ, որոնք ապրել են ուրիշի փաստաթղթերով՝ մատնահետք հանձնած մարդկանցից յուրաքանչյուր 50-րդը։