Արցախի դրոշը ներկելու բովանդակությամբ տեսանյութը ուղարկվում է ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու․ ՀՀ գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է. «Մամուլում տեսանյութ է հրապարակվել և շրջանառվել մի քանի անձի կողմից Արցախի Հանրապետության պետական դրոշը ներկելու բովանդակությամբ:

Այդ տեսանյութն արձանագրվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից՝ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում և ուսումնասիրվել է:
Արդյունքում այն ուղարկվում է ՀՀ ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում դեպքի հանգամանքները պարզելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ»։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի Ազատության հրապարակում ընդդիմադիր դաշինքների հանրահավաքից հետո Արցախի Հանրապետության դրոշը բարձրացվել է Երևանի Ֆրանսիական հրապարակում։
«Սա իր մեջ ունի խորհուրդ, սա մեր պայքարի սկիզբն է։ Մենք պայքարում ենք հանուն Արցախի դրոշի, հանուն Եռագույնի, հանուն միասնության ու հանուն վաղվա հաղթանակի»,- հայտարարել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ընդդիմադիր գործիչ Իշխան Սաղաթելյանը։

Այսօր առավոտյան Ազգային-ժողովրդավարական բևեռի աջակիցները ներկելու միջոցով Արցախի դրոշը վերածել էին Հայաստանի դրոշի։ «Սասնա ծռեր» համահայկական շարժումը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են իրենց աջակից երիտասարդները ներկում Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը, այն վերնագրել էր. «Մեկ պետություն` մեկ դրոշ. Արցախից եկած ՀՀ քաղաքացիները Օպերայում ներկել են Արցախը ՀՀ-ից բաժանող դրոշը»։