Չի կարելի հրադադարի կոչ անել և սպառազինություն մատակարարել. Չինաստանի ԱԳ նախարարը ուկրաինական ճգնաժամի մասին

Ուկրաինայում ներկայիս ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը Եվրոպայում անվտանգության առկա մեխանիզմների անհավասարակշռությունն է։ Այս մասին ապրիլի 7-ի երեկոյան Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Էմանուել Բոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական ​​խորհրդի անդամ, արտգործնախարար Վան Ին։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Ուկրաինայի խնդրի հիմնական պատճառը եվրոպական անվտանգության համակարգի անհավասարակշռության մեջ է,- ասվում է Չինաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։- Անհրաժեշտ է հետևել անվտանգության անբաժանելիության սկզբունքին և վերստեղծել անվտանգության հավասարակշռված և արդյունավետ մեխանիզմ: Սա միակ ճանապարհն է Եվրոպայում երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու»,- հավելել է չինացի դիվանագետը:

Նա նաև նշել է, որ բոլոր կողմերը պետք է նպաստեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններին և անհրաժեշտ պայմաններ ստեղծեն նրանց համար։

«Չի կարելի կրակի և ռազմական գործողությունների դադարեցման կոչ անել և միևնույն ժամանակ շարունակաբար մատակարարել մեծ քանակությամբ սպառազինություն և տեխնիկա՝ առաջացնելով ռազմական գործողությունների էսկալացիա»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։