Սասուն Միքայելյանը և Ալեքսանդր Արզումանյանը արդարացվեցին «Մարտի 1-ի» գործով

ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը «Մարտի 1»-ի գործով զանգվածային անկարգությունների մեղադրանքով արդարացվեց:

Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց Միքայելյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը:

Վճռաբեկը ճանաչեց և հռչակեց Միքայելյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում:

Միքայելյանի վերաբերյալ գործը նոր վերանայելու բողոք էր ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին «Սասուն Միքայելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել՝ ճանաչելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Միքայելյանի ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը:

Սասուն Միքայելյանը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ապօրինի զենք պահելու համար:

Զենք պահելու մեղադրանքի մասով Վճռաբեկը ստորադաս ատյանների որոշումները թողեց անփոփոխ: Ավելի քան 3 տարի բանտում անցկացնելուց հետո Միքայելյանը 2011 մայիսին համաներմամբ ազատ էր արձակվել:

14 տարի անց «Մարտի 1»-ի գործով արդարացվեց նաև Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը:

Վճռաբեկ դատարանը քիչ առաջ ճանաչեց Արզումանյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Արզումանյանի վերաբերյալ գործը վերանայելու բողոք էր ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին «Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել` ճանաչելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արզումանյանի ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը:

Արզումանյանը 2009-ին մեղավոր էր ճանաչվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար և դատապարտվել հինգ տարվա ազատազրկման:

Նրա նկատմամբ համաներում էր կիրառվել, և նա ազատ էր արձակվել: