Բրյուսելյան գործընթացի տրամաբանությունը

Բրյուսելյան-գործընթացի միջոցով Արևմուտքը, օգտվելով ուկրաինական ճգնաժամի արդյունքում ձևավորված աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակից, ԵՄ-ի ձեռամբ, ձգտում է հնարավորինս նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը նաև Հարավային Կովկասում՝ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում։

Նպատակ է դրվել և փորձ է արվում տարանջատել Ադրբեջան-Հայաստան հարաբերություններն արցախյան հիմնախնդրից և հնարավորինս ակտիվ միջնորդական դերակատարմամբ հասնել առաջին բաղադրիչի հանգուցալուծմանը, ասել է թե՝ հարավկովկասյան տարածաշրջանում որպես ռուսական ռազմաքաղաքական առարկայական ազդեցության գոտի թողնել աշխարհագրական առումով ընդամենն Արցախի ներկայիս 2500-3000ք/կմ տարածքը։

Իրավասության տեսանկյունից ԵՄ-ն, հիմնվելով այն հանգամանքի վրա, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ կառույցը ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձևաչափն է, իսկ գետնի վրա հրադադարի պատասխանատուն՝ Ռուսաստանը, հմտորեն փորձ է անում վերջիններին թողնել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ամենախնդրահարույց բաղադրիչի՝ արցախյան հիմնախնդրի բովանդակային քննարկումը, իսկ սեփական հարթակում կենտրոնացնել Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում առավել «հեշտությամբ» հարթվելիք կնճիռները։ Ընդ որում, գործընթացը հնարավորինս խթանելու համար դիվանագիտական հմտությամբ կիրառվող ձևակերպումներում օգտագործվում է հակամարտ կողմերի բառապաշարն ու եզրաբանությունը. օրինակ՝ վերջին ձևակերպումներում Արցախի հիմնախնդրին ուղիղ տեքստով չանդրադառնալու հանգամանքը։

Բրյուսելյան հարթակն առաջին հայացքից առավել ձեռնտու է #Բաքվին, հատկապես ալիևյան բռնապետական վարչակարգին, քանի որ մի կողմից գործընթացն արտաքուստ հենց Ադրբեջանի սցենարով է զարգանում, մյուս կողմից սահմանափակում է այդ երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների մասով արևմտյան հռետորաբանության շարունակականության հարցը։

Առնվազն կարճաժամկետ հեռանկարում բրյուսելյան հարթակի առկայությունը բխում է նաև Երևանի շահերից, քանի որ այն առարկայական հնարավորություն է աշխարհաքաղաքական բարդագույն իրավիճակում Ադրբեջանի վարքագիծը համակողմանի ջանքերով առավել կառավարելի դարձնելու տեսանկյունից։

Բայց և այնպես, նաև բրյուսելյան գործընթացի հաջողելու հնարավորությունը մեծ հաշվով կապված է ուկրաինական ճգնաժամի ընթացքի, մասնավորապես՝ Ռուսաստանի դիրքերի հետ։ Միանշանակ է՝ պատերազմում Մոսկվայի հաջողելու դեպքում Կրեմլը ձգտելու է Ադրբեջան-Հայաստան կարգավորումը ևս վերադարձմել սեփական ազդեցության գոտի՝   խոչընդոտելով արևմտյան «փափուկ ուժի» քաղաքականության խորացմանը։ Ուկրաինայում Ռուսաստանի ձախողման պարագայում նման սցենար հնարավոր է արդեն Բաքու-Անկարա դաշինքի կողմից՝ սեփական առավելապաշտական նկրտումների առաջմղման համատեքստում։

Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից