Մեղադրանքներ են առաջադրվել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ նախկին և ներկա տնօրեններին, «Գնոմոն» ԲԲԸ տնօրենին

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ տվյալներ էին ստացվել այն մասին, որ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պատասխանատու պաշտոնատար անձինք քաղաքացիական գործի շրջանակներում 2017-2018թթ. դատարան չեն ներկայացրել «Գնոմոն» ԲԲԸ-ի հետ «փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի» հիմք հանդիսացող պայմանագիրը, ինչպես նաև չեն շտկել Վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված թերությունները, ինչի հետևանքով պետական բաժնեմասով ընկերությունը զրկվել է 1.092.593.543 ՀՀ դրամ դեբիտորական պարտքը ստանալու հնարավորությունից, և ծանրաբեռնվել շուրջ 56.000.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից:

Նշված փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին:

Կատարվող նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Գնոմոն» ԲԲԸ տնօրեն Է. Գ.-ն նախնական համաձայնության է եկել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ տնօրեն Գ. Կ.-ի հետ, նյութապես շահագրգռելու եղանակով դրդել նրան ակնհայտ անցնելու օրենքով նախատեսված իր լիազորությունները: Մասնավորապես, վերոնշյալ պայմաններում Գ.Կ.-ն «Բաց բաժնետիրական ընկերությունների» մասին ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, 2012-2016թթ. «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ բաժնետերերի կողմից անցկացվող խորհրդի նիստի դրական կարծիքի բացակայության և միանձնյա խոշոր գործարք կնքելու իրավասություն չունենալու պարագայում Է.Գ.-ի հետ կնքել է փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ-համաձայնագրեր, ինչով անհիմն երկարաձգվել է «Երևանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերության պարտավորությունների վճարման ժամկետները:

Արդյունքում պետական բաժնեմասով ընկերությունը զրկվել է 1.092.593.543 ՀՀ դրամ դեբիտորական պարտքը ժամանակին ստանալու հնարավորությունից:

Բացի այդ, Է. Գ.-ն «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության հանդեպ «Գնոմոն» ԲԲ ընկերության ունեցած դեբիտորական պարտքերը զրոյացնելու և դեբիտորական պարտքի գումարները յուրացման եղանակով հափշտակելու դիտավորությամբ Գ.Կ.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քաղաքացիական գործի շրջանակներում, որով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ն 1.146.889.564 543 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջ էր ներկայացրել ընդդեմ «Գնոմոն» ԲԲ ընկերության, չտրամադրել հայցապահանջը հիմնավորող, ընկերությունների միջև առկա ակտ-համաձայնագրերի հիմքը հանդիսացող պայմանագիրը: Դրա հետևանքով հայցադիմումի քննության արդյունքում դատարանը մերժել է «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պահանջը՝ պատճառաբանելով, որ հայցվորի կողմից վկայակոչված պայմանագրերը դատարան չներկայացնելով պայմանավորված՝ չի ապացուցվել միմյանց միջև պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը: Այս վճիռը հետագայում մտել է օրինական ուժի մեջ:

Այսինքն Է. Գ.-ն հաստատապես իմանալով քննարկվող պայմանագրի առկայության մասին, օգտվելով Գ.Կ.-ի նկատմամբ ունեցած իր ազդեցությունից, նրա հետ պայմանավորվել է նշված պայմանագիրը չտարամադրել՝ ի սկզբանե գիտակցելով պայմանագրի բացակայության պայմաններում հայցապահանջի անհիմն լինելու հանգամանքը: Այդ կերպ, Է. Գ.-ն կազմակերպել և պետական բաժնեմասով ընկերությունից յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 1.092.593.543 ՀՀ դրամ գումար։

Քննությամբ պարզվել է նաև, որ «Երևանի ոսկերչական գործարան»  ԲԲԸ գործող տնօրեն Ա. Ա.-ն, թեև 2017թ. մայիսի 12-ին հայցադիմում է ներկայացրել դատարան և խնդրել անվավեր ճանաչել «Գնոմոն» ԲԲ ընկերության հետ կնքված «փոխադարձ հաշիվների ստուգման ակտերը», ինչպես նաև վերջինից բռնագանձել 1․092․593․543 ՀՀ դրամ, սակայն դատաքննության ընթացքում դատարան չի ներկայացրել ընկերությունների միջև 2007թ. հունվարի 15-ին կնքված համագործակցության  պայմանագիրը և չի ապացուցել  պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը: Դրա պատճառով Դատարանը  վճռով  մերժել է  ընկերության պահանջը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ որոշումներ են կայացվել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ նախկին տնօրեն Գ. Կ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, «Երևանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲԸ տնօրեն Է. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ տնօրեն Ա. Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրյալ ներգրավելու մասին։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություններ են ներկայացվել Է.Գ.-ի և Գ.Կ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք  մերժվել են:

Է. Գ.-ի նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել գրավը 100.000.000 ՀՀ դրամի չափով: Իսկ Գ.Կ.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրություն:

Նախաքննությունը շարունակվում է: