Պարզեցվել է սոցնպաստների ու հրատապ օգնության, նաև ավանդների փոխհատուցման կանխիկ վճարումների իրականացման գործընթացը

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման և դրա հիման վրա տրամադրվող աջակցության, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման գործընթացները հստակեցնող կարգերում փոփոխություններ են իրականացվել։ Այս մասին  տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Ըստ այդմ, պարզեցվել է ընտանեկան, սոցիալական նպաստների ու հրատապ օգնության, ինչպես նաև ավանդների փոխհատուցման կանխիկ վճարումների իրականացման գործընթացը․ թղթային ցուցակները փոխարինվել են էլեկտրոնայինով, ինչը թույլ կտա այսուհետ ավելի արագ կազմակերպել նպաստների և ավանդների փոխհատուցման վճարումները։

Իրականացված փոփոխությունների արդյունքում՝ սահմանվել են համապատասխան իրավակարգավորումներ՝ սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառած խմելու ջրի դիմաց նվազ սակագների կիրառման նպատակով տեղեկատվության փոխանակման գործընթացների ապահովման վերաբերյալ։

Վերանայվել է նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի ամբողջական եկամտի կազմը, որում ներառվել է նաև ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող դրամական աջակցությունը։