Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են նաև մշակույթի և արվեստի ուղղություններով. Ալեն Սիմոնյան

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 6-ին մասնակցել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կազմակերպած  հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառմանը:

Միջոցառման շրջանակում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին` Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, ասել է, որ մեր երկրները, պահպանելով դարավոր ավանդական բարեկամական բնույթը, այսօր էլ զարգացնում են կապերը ոչ միայն քաղաքական և տնտեսական ուղղություններով, այլև մշակույթի ու արվեստի ոլորտներում:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում բարեկամական  հարաբերությունների բոլոր ոլորտներում մեծ և կարևոր դրական փոփոխություններ կան:

Միջոցառմանը հնչել են հայ և ռուս հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ցուցադրվել են արխիվային բացառիկ փաստաթղթեր, հոդվածներ և հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների պատմությանն առնչվող տարբեր հիշարժան լուսանկարներ Հայաստանի ազգային, հայկական «Արմենպրես» և ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունների արխիվներից: