Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ օրվա ամփոփում. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է 05.04.2022թ. Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարևոր իրադարձությունները:

Ռազմական իրադրություն

  • Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ապրիլի 4-ի երեկոյան Ուկրաինական 72-րդ հոգեբանական գործողությունների գլխավոր կենտրոնի զինծառայողները Կիևի մոտ «իրականացրել են իբր ռուսաստանյան զորքերի բռնի գործողություններից զոհված խաղաղ բնակչության հերթական բեմադրված նկարահանումը»։ Ինչպես հայտնում է ռուսական կողմը, նկարահանումներն իրականացվել են Կիևի մարզի Բուչայի շրջանի Մոշուն գյուղում։ ՌԴ ՊՆ-ը նշում է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները նման գործողություններ են նախապատրաստում նաև Սումիում, Կոնոտոպում և մյուս քաղաքներում։
  • Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները Կիևին առաջնային կարգով կմատակարարեն Javelin և Stinger, ինչպես նաև ԱԹՍ-ներ։
  • ՌԴ-ի և Ուկրաինայի միջև 86-ը 86-ի դիմաց ձևաչափով գերիների փոխանակում է տեղի ունեցել։
  • Ավստրալիան Ուկրաինային կմատակարարի 10 միավոր «Bushmaster» զրահամեքենա:
  • ԱՄՆ ԶՈւ գեներալ Մարկ Միլլին հայտարարել է, որ մեծ տերությունների միջև խոշոր հակամարտության հավանականությունն աճում է։
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռուսական բանակը «խոշոր հարձակում» կիրականացնի Ուկրաինայում՝ իր զորքերը արևելք տեղափոխելուց հետո։
  • ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ուկրաինական երկու Մի-8 ուղղաթիռները կրկին փորձել են Մարիուպոլից տարհանել «Ազով» ազգային գումարտակի ղեկավարությանը, որոնք ոչնչացվել են: ՌԴ զինված ուժերը ոչնչացրել են տարածքային պաշտպանության ստորաբաժանման հրամանատարական կետը, վառելիքի պահեստը և զրահատանկային տեխնիկայի վերանորոգման գործարանը: Օրվա ընթացքում խոցվել է Ուկրաինայի 33 ռազմական օբյեկտ, ուկրաինական 5 հարվածային անօդաչու թռչող սարք։ Ընդամենը հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել են 125 ինքնաթիռ, 93 ուղղաթիռ, 403 ԱԹՍ, 1981 տանկ և զրահամեքենա, 854 դաշտային հրետանու և ականանետայն միջոցներ, ինչպես նաև 1876 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:

Բանակցային գործընթաց

  • Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր և Պուտինի միջև հանդիպումը կարող է չկայանալ։

Արտաքին քաղաքական իրադրություն

  • Դանիան հայտարարել է ռուսաստանցի 15 դիվանագետների արտաքսման մասին։ Իտալիան նույնպես հայտարարել է ռուսաստանցի 30 դիվանագետների արտաքսման մասին։ Շվեդիան հայտարարել է, որ կարտաքսի ռուսաստանցի երեք դիվանագետների։ Իսպանիան կարտաքսի մոտ 25 ռուսաստանցի դիվանագետների։ Լատվիան արտաքսում է ռուսաստանցի 13 դիվանագետների և փակում Լիեպայայում ու Դաուգավպիլսում ՌԴ հյուպատոսությունները։ Եվրամիությունը Բրյուսելում ՌԴ մշտական ներկայացուցչությունից արտաքսում է 19 ռուսաստանցի դիվանագետների։ Ռումինիան կարտաքսի ռուսաստանցի 10 դիվանագետների։ Ռուսաստանը խոստանում է պատասխան միջոցներ ձեռնարկել։ Փետրվարի 24-ից արևմտյան երկրներն արտաքսել են մոտ 250 ռուսաստանցի դիվանագետի։
  • Եվրոպական միությունն ապրիլի 5-ին կդիտարկի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթը։ Այդ մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
  • Դմիտրի Պեսկով. «Բուչայի ողբերգությանը Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքները «բեմադրված շոու» են»։
  • Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Ռուսաստանը ստիպված կլինի արտասահման սննդամթերքի մատակարարմանը ավելի ուշադիր վերաբերվել, հատկապես այն երկրներ, որոնք վարում են թշնամական քաղաքականություն»։
  • ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Վլադիմիր Զելենսկին հայտարարել է. «Բուչայում չկա մի հանցագործություն, որը նրանք չեն իրականացրել։ Նրանք սպանել են ամբողջական ընտանիքներ՝ տարեցների ու երեխաների, փորձել այրել մարդկանց։ Նրանք երկիրը թողնում են ավերակների մեջ։ Ռուսաստանը պարենային ճգնաժամ է հրահրել, որը կարող է Ասիայում և Աֆրիկայում սովի հանգեցնել։ Բացի այդ, նաև քաղաքական քաոս, որի արդյունքում շատ երկրների անվտանգության համակարգեր կարող են վերանալ»։
  • ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան հայտարարել է. «Ռուսաստանցի զինծառայողների հասցեին ուղղված մեղադրանքները անապացույց են և անհիմն։ Դրանք չեն հաստատվում որևէ ականատեսի կողմից։ Ռուսաստանը հարվածներ չի հասցնում քաղաքացիական օբյեկտներին, այդ իսկ պատճառով ՌԴ զորքերը այդքան արագ առաջ չեն գնում, որքան շատերը սպասում էին։ Մենք այնպես չենք գործում, ինչպես Իրաքում ամերիկացիները։
  • Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ Ուկրաինան դարձել է «վրացի հանցագործների համար արգելոց», որոնց արտահանձնմանն համար Թբիլիսին ունի ապարդյուն ձգտումներ։

Ներքաղաքական իրադրություն

  • Պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինան լքել է ավելի քան 4 միլիոն մարդ։
  • Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնագետները Կիևի մարզում վերացնում են զինամթերքի մնացորդները։
  • Վլադիմիր Զելենսկին հայտարարել է. «Բուչայում տեղի ունեցածը ցեղասպանություն է»։

Միջազգային մամուլ

  • «The Wall Street Journal» պարբերականը գրել է, որ Եվրոպական հանձնաժողովի առաջարկած պատժամիջոցների փաթեթը կներառի. 1. Ռուսաստանից ածխի ներկրման արգելք, 2. Ռուսաստան նոր տեխնիկայի մատակարարման արգելք, 3. Ռուսաստանցի բեռնափոխադրողների համար ծովային և ցամաքային սահմանների փակում։
  • «Bloomberg» գործակալությունը գրել է, որ ԵՄ որոշ երկրներ հայտարարել են, որ պատրաստվում են կրճատել ռուսական նավթի ներկրումը։ Գերմանիան և Հունգարիան դեմ են հանդես գալիս ռուսական էներգակիրների շուկայի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման օգտին։
  • «Financial Times» պարբերականը, հղում անելով իր երեք աղբյուրներին, գրում է, որ Բայդենը շուտով կհայտարարի ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի՝ հիպերձայնային զենք մշակելու համատեղ պլանների մասին։
  • «Haberturk» թուրքական պարբերականը գրում է, որ Թուրքիան Ուկրաինայում իր դեսպանատունը վերադարձրել է Կիև։