ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառության մեջ ռուբլու բաժինը գերազանցում է 23-ը

Եվրասիական տնտեսական միության երկրների առևտրում ռուբլու մասնաբաժինն արդեն գերազանցում է 2/3-ը, և այն ավելացնելու հնարավորություն կա: Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը։

«Եթե խոսենք փոխադարձ առևտրի մասին, ապա լուրջ առաջընթաց է գրանցվել ԵԱՏՄ երկրների ներքին փոխադարձ հաշվարկներում: 2013-2020 թվականներին ազգային արժույթով վճարումները 63-ից հասել են 74 %-ի, Ռուսաստանը ռուբլով է վճարում Բելառուսի հետ ապրանքաշրջանառության 82 %-ը, Ղազախստանի՝ 63 %-ը, Ղրղզստանի հետ՝ 58 %-ը»,- ասել է նա։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ազգային արժույթի օգտագործման հնարավորություններն այսքանով չեն սահմանափակվում: Ղրղզստանի հետ ապրանքաշրջանառության 40 %-ը սպասարկվում է դոլարով։ Ամերիկյան արժույթը երկրորդ տեղում է Ղազախստանի և Բելառուսի հետ առևտրաշրջանառության մեջ՝ համապատասխանաբար՝ 28 % և 9 %։

Միաժամանակ նա խոստովանել է, որ Ռուսաստանից դուրս ԵԱՏՄ առևտրում ռուբլու շրջանառության մակարդակը շատ ավելի ցածր է։

«Միակ բացառությունը Բելառուսի Հանրապետությունն է, որն օգտագործում է ռուբլին Ռուսաստանից դուրս ԵԱՏՄ երկրների հետ առևտրային գործարքների գրեթե մեկ երրորդում»,-ասել է Գլազևը։

ԵԱՏՄ երկրների փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի հետագա աճը, ըստ նրա, կախված կլինի նրանց առևտրատնտեսական հարաբերությունների խորացումից, առևտրի կառուցվածքից և դրա դիվերսիֆիկացիայի մակարդակից։