Ձեր անօդաչուները սպանում են մեր զինվորներին. Թուրքիայում ՌԴ դեսպանը դժգոհել է Անկարայի կողմից Կիևին «Բայրաքթար»-ի մատակարարումից

Թուրքական «Բայրաքթար» մարտական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) առաքումներն Ուկրաինա ցավագին են ընկալվում ռուսական հասարակության մեջ։ Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը՝ Aydinlik թերթին տված հարցազրույցում։

«Չեմ կարող չանդրադառնալ մի հարցի, որն ինձ այստեղ հաճախ են տալիս՝ ինչպե՞ս ենք վերաբերվում Ուկրաինային թուրքական «Բայրաքթար»-ների մատակարարմանը: Դե, ես լիովին ազնիվ կլինեմ. դուք չեք էլ կարող պատկերացնել, թե որքան ցավագին են ընկալվում այդ առաքումները ռուսական հասարակության մեջ: «Բիզնեսը բիզնես է» բացատրությունները չեն հասկացվում, քանի որ ձեր անօդաչու թռչող սարքերը սպանում են մեր զինվորներին, դրա համար են դրանք գնվում։ Ի դեպ նշեմ՝ մի երկիր, որը հավակնում է Թուրքիայի դաշնակիցը համարվել, սովորություն ունի մեծ քանակությամբ զենք փոխանցել նրանց, ում հետ կռվում են «մեհմեդները» (թուրք զինվորները), իսկ դա Անկարային այնքան էլ դուր չի գալիս։ Այդ դեպքում ինչո՞ւ մեզ պետք է դուր գա»,- շեշտել է դիվանագետը։
Դեսպանն ընդգծել է, որ Ռուսաստանը զենք չի տալիս նրանց, որոնց դեմ կռվում է թուրքական բանակը, և Թուրքիան դա լավ գիտի։
Թուրքիան վերջին տարիներին հիմնել է մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրություն ոչ միայն իր զինված ուժերի կարիքները հոգալու, այլև արտահանման համար։ Այս պահին արդեն վեց պետություն ունի «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր՝ Ադրբեջանը, Քաթարը, Լիբիան, Մարոկկոն, Լեհաստանը և Ուկրաինան։ Այս տեսակի անօդաչու թռչող սարքերն օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում մարտական գործողություններում։