Կիևը մի քանի երկրների է փոխանցել անվտանգության երաշխիքների փաստաթղթերի նախագծերը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Կիևը մի շարք երկրների հետ փոխանակել է անվտանգության երաշխիքների փաստաթղթերի նախագծեր։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Մեզ անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ առաջատար պետություններից»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է ուրբաթ օրը։ Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ դա կարող են լինել և՛ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, և՛ դաշինքի անդամ չհանդիսացող պետությունները։ «Մենք կցանկանայինք, որ այն երկրները, որոնք ցանկանում են դա, բացահայտ միանան ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային, Թուրքիային»,- ասել է Զելենսկին։

«Այս պահին ես նշել եմ այն ​​երկրները, որոնք արդեն հայտնել են երաշխավոր դառնալու իրենց պատրաստակամությունը, կամ նրանց, որոնց հետ մենք արդեն կապվել ենք և փոխանակել անվտանգության երաշխիքների վերաբերյալ նախնական փաստաթղթերի նախագծերը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով, Իսրայելն ու Իռլանդիան այն երկրների թվում են, որոնք կարող են նաև Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել։ «Մենք կցանկանայինք, որ Չինաստանը նույնպես միանա նրանց»,- ասել է Զելենսկին։