Ընթրիքը թշնամիներին չենք տա․ Ռուսաստանը պարենային ապրանքներ կմատակարարի միայն բարեկամ երկրներին. Դմիտրի Մեդվեդև

Ռուսաստանը պարենային ապրանքներ կմատակարարի միայն բարեկամ երկրներին: Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը հացահատիկի ամենամեծ արտադրողն է՝ Հնդկաստանի և Չինաստանի հետ միասին։ Իսկ վերջին տարիներին՝ ցորենի խոշորագույն արտահանողը։ «Այնպես ստացվեց, որ շատ երկրների պարենային անվտանգությունը կախված է մեր մատակարարումներից։ Ստացվում է, որ մեր պարենը մեր լուռ զենքն է։ Լուռ, բայց՝ ահարկու: Իսկ եթե ինչ-որ մեկը չգիտի կամ մոռացել է, ապա մեր գյուղմթերքի արտահանումը գերազանցում է իրական սպառազինության արտահանումը. այն անցած տարի ավելի քան 37 միլիարդ դոլար է կազմել:

Հաշվի առնելով արևմտյան երկրների կողմից մեր դեմ կիրառվող համընդհանուր պատժամիջոցները, նշեմ Ռուսաստանի պարենային անվտանգության հետ կապված մի քանի պարզ, բայց կարևոր կետեր։

Առաջին. բազմազան ու համեղ ռուսական արտադրանքը բավական է մեր ներքին կարիքները լիովին բավարարելու համար։

Երկրորդ. սննդի մատակարարումների առաջնահերթությունը մեր ներքին շուկան է։ Եվ գների վերահսկումը:

Ընդ որում, պետությունը կշարունակի մեծածավալ և համակարգված օգնությունը ֆերմերներին։

Երրորդ. սնունդ և բերք կմատակարարենք միայն մեր բարեկամներին (բարեբախտաբար, նրանք շատ են և ընդհանրապես Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում չեն գտնվում): Մենք կվաճառենք և ռուբլով, և նրանց ազգային արժույթով՝ համաձայնեցված համամասնությամբ։

Չորրորդ. մենք մեր մթերքները ու գյուղմթերքը մեր թշնամիներին չենք մատակարարի: Եվ մենք նրանցից ոչինչ չենք գնի (չնայած 2014-ից ոչինչ չենք գնել, իսկ ներմուծման համար արգելված ապրանքների ցանկը կարելի է ավելի ընդլայնել):

Ստացվում է, որ նախաճաշն ինքներս կուտենք: Ճաշը գուցե կկիսենք բարեկամների հետ: Իսկ ընթրիքը թշնամիներին չենք տա: Կդիմանան»։