ԱՄՆ-ը մտադիր չէ ճանաչել Հարավային Օսիայի հնարավոր մուտքը Ռուսաստանի կազմ

Միացյալ Նահանգները չի ընդունի Հարավային Օսիայի հնարավոր մուտքը Ռուսաստանի կազմ և վերահաստատում է իր հավատարմությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը, հինգշաբթի ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ո՛չ տեղական իշխանությունները, ո՛չ Ռուսաստանը իրավասու չեն որոշել Հարավային Օսիայի ապագան, որը Վրաստանի մաս է կազմում», – ասել է Փրայսը։

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ ինչպես նախկինում Վաշինգտոնը չէր ճանաչում Ղրիմը որպես ռուսական, իսկ ավելի ուշ՝ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը, ԱՄՆ-ը չի ճանաչի Վրաստանի ինքնիշխան տարածքը բաժանելու Ռուսաստանի փորձերը: Փրայսը հավելել է, որ ԱՄՆ-ը վերահաստատում է իր հավատարմությունը երկրի տարածքային ամբողջականությանը։

Հիշեցնենք, որ LIVEnews.am-ը ավելի վաղ տեղեկացրել է, որ Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 10-ին նշանակված նախագահական ընտրություններից հետո:

Հարավային Օսիայի սահմանադրական օրենքին համապատասխան՝ նախագահը որոշում է կայացնում հանրաքվե անցկացնելու մասին, որում նա որոշում է հանրաքվեի անցկացման օրը։ Քվեարկությունը կարող է նշանակվել ցանկացած հանգստյան օր՝ հրամանի հրապարակման օրվանից երկուսից երեք ամսվա ընթացքում։