Amnesty International-ը՝ Հայաստանում խոսքի ազատության անհիմն սահմանափակումների մասին

Հայաստանում անցած տարվա ընթացքում շարունակվել են խոսքի ազատության անհիմն սահմանափակումները։ Այս մասին նշված է Amnesty International-ի 2021/22 տարեկան զեկույցում։ 

«Ազատ կամարտահայտման իրավունքը կամ խոսքի ազատությունը շարունակվեց անհիմն կերպով սահմանափակվել։ Կառավարությունը մի քանի օրենսդրական փոփոխություններ իրականացրեց, որոնք սահմանափակում են անկախ լրատվամիջոցների գործունեությունն ու այլ քննադատական ձայները։

Մարտ ամսին ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելով, վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը հասցրեց 6 միլիոն դրամի (մոտ 12 000 ԱՄՆ դոլար)։

Օգոստոս ամսին օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթով էլ ԱԺ-ի կողմից քրեականացվեց հասարակական գործիչներին վիրավորելը։ Ըստ կատարված փոփոխությունների՝ կրկնակի վիրավորանքների համար սահմանվեց պատիժ՝ մինչև երեք ամիս ազատազրկում:

Հիմնվելով օրենսդրական փոփոխությունների վրա՝ սեպտեմբերին ոստիկանությունը քրեական գործեր է հարուցել ֆեյսբուքյան օգտատերերի դեմ՝ վարչապետի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություններ գրելու համար։

Իշխանությունները շարունակեցին անհիմն քրեական հետապնդում իրականացնել Հայաստանում գործող ,Մարդու իրավունքների եզդիական կենտրոնե ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ։ Նրա նկատմամբ հետաքննությունը սկսվել էր 2020 թվականի հոկտեմբերին՝ իր կողմից առցանց տրված հարցազրույցից հետո, որում խոսելով Հայաստանում բնակվող էթնիկ եզդիների առջև ծառացած խնդիրների մասին, քննադատաբար էր վերաբերվել Հայաստանի՝ ՀՀ-ում ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդիների նկատմամբ վերաբերմունքին։  Նրա դատավարությունը սկսվել էր օգոստոս ամսին և շարունակվել մինչև տարեվերջ։ Եթե նրան մեղավոր ճանաչեն, ապա նրան սպառնում է երեքից վեց տարվա ազատազրկում»,- նշված է զեկույցում։