Կհիշե՞ք մի դեպք, որ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին մասնակցի ՀՀ պաշտպանության նախարարը. Վարդևանյանը՝ Մուկուչյանին

«2020-21 թթ. ԿԸՀ-ն կազմակերպել և անցկացրել է ՏԻՄ ընտրություններ 58 համայնքում, սակայն նրանցից 44-ը հանդիսացել է խոշորացված համայնքներ»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց  Տիգրան Մուկուչյանը՝ ներկայացնելով նախորդ երկու տարիներին ԿԸՀ-ի իրականացրած գործունեության հաշվետվությունը:

Նրա խոսքով՝ ԿԸՀ աշխատանքը եղել է խոշորածավալ, քանի որ խոշորացված համայնքներում մեծ թվով բնակավայրեր են եղել ներառված:

ԿԸՀ նախագահը հայտնեց, որ 2021 թվականին, նոր Ընտրական օրենսգրքի ուժի մեծ մտնելուց հետո, մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել, որից առաջինը՝ նոր չափանիշներով կայքի ձևավորում է եղել և այն գործարկվել է ԱԺ համապետական ընտրություններից առաջ , բայց զուգահեռ գործել է նաև հին էջը:

Ըստ Տիգրան Մուկուչյանի՝ 2021 թվականին նոր օրենսգրքով 52 համայնքներից 45-ում տեղի են ունեցել ավագանու ընտրություններ համամասնական ընտրակարգով և, Գյումրուց բացի, դրանք եղել են խոշորացված, իսկ 7-ում եղել է համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ մեծամասնական ընտրակարգով:

Տիգրան Մուկուչյանին հարցեր ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Դուք ձեր երկարամյա գործունեության ընթացքում կհիշե՞ք մի դեպք, որ ՏԻՄ ընտրություն տեղի ունենան, բայց այնպես, ինչպես Վարդենիսում, թույլ չտան, որ ընտրվի քաղաքապետ, ոստիկանական ուժեր գան և նախկին քաղաքապետն էլ ասի, որ այդ ամեն ինչն ինքն է կազմակերպել»,- հարցրեց Վարդևանյանը և շարունակեց հետաքրքրվել, թե Մուկուչյանը հիշո՞ւմ է մի դեպք, որ Վանաձորի օրինակով, քաղաքապետ ընտրվի, բայց ընտրվելուց հետո ձերբակալվի և մինչ օրս էլ չազատվի բանտից և ավագանու գործողությունը պարալիզացվի, ինչպես նաև խնդրեց պարզաբանել Վեդու կրկնակի ընտրության դեպքը:

Վարդևանյանը նաև հետաքրքրվեց, թե Տիգրան Մուկուչյանը կհիշի՞ մի դեպք, որ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին մասնակցի ՀՀ պաշտպանության նախարարը:

«ԿԸՀ-ն այն միակ պետական մարմինն էր, որ ընտրությունների արդյունքների հրապարակումից, մանդատների բաշխումից հետո արձանագրել էր՝ պատգամավորի թեկնածուի և արդեն մանդատ ստացած պատգամավորի կարգավիճակները նույն են: Այն ասել էր դատախազությանը, վերջինս էլ երևի չէր նկատել, և ամիսներ անց ՍԴ-ն այդ ամենն արձանագրեց»,- նկատեց Վարդևանյանը։

Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ իրենց գործառույթն ավարտվում է, երբ տրամադրվում է մանդատ և դրանից հետո ՏԻՄ գործընթացներին ներգրավելու գործառույթ չունեն:

Նրա խոսքով՝ պատգամավորի նշած դեպքերը նախկինում չեն եղել, քանի որ Ընտրական օրենսգիրքն է այլ եղել: