Այո, ես հրավիրել եմ մարզիչներին իմ ամուսնու կուսակցություն, հիմա էլ եմ հիավիրում․ Նատալյա Ռոտենբերգ

«Ես ոչինչ չեմ կորցրել։ Կորցրեցին նրանք, մեր երեխաները, մեր գիմնաստները։ Ես 40 տարի ինչ-որ կերպ ապրել եմ, եղել եմ հաջողակ, նշանակալի, այլ նախագծեր եմ արել։ Ես ոչինչ չեմ կորցնում»,- այսօր ասուլիսում ասաց «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ նախկին մարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը, որի հետ  Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան դադարեցրել է համագործակցությունը։

«Ես հիմա էստաֆետային փայտիկը տալիս եմ մեր ֆեդերացիային։ Չէ՞ որ հիմա նրանք են դրանով զբաղվելու»,- ասաց Նատալյա Ռոտենբերգը՝ հույս հայտնելով, որ առաջիկա ամիսների համար պլանավորած նախագծերը ֆեդերացիան կիրականացնի։

Նա նշեց, որ եթե ինքը սկսում է  որևէ գործ անել, ապա լավ է անում, այլապես  ընդհանրապես չի զբաղվի։

Նատալյա Ռոտենբերգը մանրամասն ներկայացրեց, թե այս ամիսների ընթացքում ինչ է արել ֆեդերացիայի ու գիմնաստների համար. «Այս  սպորտաձևում մենք զբաղեցնում ենք նվաստացուցիչ դիրք։ Ինձ համար  մեծ մարտահրավեր էր՝ այս  ամենը դնել նորմալ ռեյլսերի վրա ու փրկել այս սպորտաձևը»,-ասաց նա, նշելով, որ կարճ ժամանակահատվածում ես կարողացա անել այն, ինչ նրանք չեն կարողացել անել 40 տարում։

Նրա խոսքով, մարզիչները որևէ բան չեն պահանջում երեխաներից, իրար հետ են խոսում, չեն մարզում։

«Ես ասացի՝ պետք է վերջ դրվի դրան, փոխենք վերաբերմունքը այս սպորտաձի նկատմամբ, ֆիթնեսի կամ ֆիզկուլտուրայի մակարդակից  հասցնենք սպորտաձևի մակարդակի։ Որոշները ծիծաղեցին, որոշները հավատացին»,- նշեց նա։

Նա նշեց, որ աշխատավարձ չի ստացել, աշխատել է իր սեփական նախաձեռնությամբ՝ անվճար, իր հետ համագործակցության դադարեցման մասին լսել է այլ մարդկանցից, ֆեդերացիայի նախագահը կամ ԿԳՄՍ նախարարությունից որևէ մեկն իր հետ քաջություն չի ունեցել հանդիպել ու խոսել։

Ինչ վերաբերում է Գագիկ Վանոյանի հայտարարությանը, թե Նատալյա Ռոտենբերգը մարզիչներին ուղղորդել է դառնալ իրենց կուսակցության անդամ, նա ասաց․ «Այո, սա նորմալ քաղաքական գործընթաց է, և ես հրավիրել եմ մարզիչներին իմ ամուսնու կուսակցությունը համալրելու համար: Մարդը ընտրության հնարավորություն ունի: Հիմա էլ եմ հրավիրում բոլորին: Ես շարունակելու եմ լինել քաղաքականությունում»։

«Եթե որևէ մեկին թվում է, որ չեմ զբաղվի քաղաքականությամբ, սխալվում է։ Ես երկրորդ բարձրագույն կրթություն եմ ստացել՝ պետական կառավարում։ Ինչի՞ համար եմ ստացել,  որ նստեմ տանը, կարկանդակ պատրաստե՞մ կամ լավաշ թխե՞մ։ Կրթություն եմ ստացել, որ աշխատեմ պետական համակարգում, լավացնեմ երկրի, մեր ժողովրդի վիճակը»,- ասաց Ռոտենբերգը։

Ըստ նրա, իր հետ համագործակցության դադարեցման պատճառն այլ է. «Ես կարծում եմ, չնայած որևէ մեկն ինձ չի բացատրել, այն է, որ սկսել եմ դուր գալ մարդկանց, ես հեղինակություն եմ ձեռք բերել, մարդիկ սկսել են ինձ աջակցել, իմ կողքին կանգնել։ Կարծում եմ՝ ուղղակի վախեր են, մեր ֆեդերացիայի, կառավարության վախերը, որ Նատալյա Սերգեևնան հնարավոր է  բնակչության մեծ մասի ուշադրությունն իր վրա հրավիրի։ Ես սա չեմ բացառում»։

Հիշեցնենք՝  այս տարվա փետրվարի 4-ին ԿԳՄՍ նախարարությունից հայտնել էին, որ Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում։ Երեկ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնեցին, որ Նատալյա Ռոտենբերգն այլևս չի հանդիսանում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ և ՀՄՖն դադարեցնում է նրա հետ համագործակցությունը