Բլինկենը հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում սննդի և էներգակիրների ոլորտներում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում սննդի և էներգակիրների ոլորտներում։

«Սա խնդիրներ է ստեղծում ամբողջ աշխարհում», – ասել է Բլինկենը Medi 1 հեռուստաալիքի հետ զրույցում, որի տեքստը հրապարակվել է Պետդեպի կայքում։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Ուկրաինայում ստեղծված դրությունը հատկապես մեծ ազդեցություն է ունենում ցորենի հետ կապված իրավիճակի վրա։

«Էներգակիրների գները ևս մի խնդիր են»,- ասել է նա՝ հավելելով, որ Եվրոպան պետք է դիվերսիֆիկացնի էներգիայի աղբյուրները։

«Եվրոպան շատ է կենտրոնացել այն գաղափարի վրա, որ այժմ հարկավոր է դիվերսիֆիկացնել ռուսական գազի ու նավթի մատակարարումները»,- նշել է Բլինկենը՝ ընդգծելով, որ էներգակիրները Ռուսաստանի կողմից օգտագործվում են որպես քաղաքական գործիք։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։