Արտակ Բեգլարյանը խորհրդակցություն է հրավիրել՝ քաղպաշտպանության բոլոր ծառայությունների ղեկավարների ընդգրկմամբ

Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Արտակ Բեգլարյանը մարտի 29-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քաղպաշտպանության բոլոր ծառայությունների ղեկավարների ընդգրկմամբ:

Պետական նախարարը, նախ, անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին օրերին Փառուխ գյուղ ներխուժմանն ու մոտակա բնակավայրերի ուղղությամբ սադրանքներին, տեղում իրականացված քաղաքացիական պաշտպանության միջոցառումները գնահատել է բավարար: Արտակ Բեգլարյանը նշել է, որ Փառուխ և Խրամորթ բնակավայրերի բնակչության տարհանումից հետո սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությանը հրահանգել է գնահատել տարհանված ընտանիքների կարիքները և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:

Անդրադարձ է կատարվել նաև այս օրերին տարբեր պետական մարմինների աշխատանքներին՝ իրավիճակից բխող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:

Պետական նախարարը նշել է, որ քաղաքացիական պաշտպանության առումով վերջին ամիսների լրացուցիչ քննարկումների ու մշակումների արդյունքում մի շարք ուղղություններ են նախանշված և աշխատանքների զգալի մասն արդեն հաջողությամբ իրագործվում է:
Զեկույցներով հանդես են եկել համապատասխան ծառայությունների ղեկավարները:

Քննարկվել են քաղպաշտպանության պլանով նախատեսված կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները:

Արտակ Բեգլարյանը մի շարք հանձնարարականներ է տվել իրավիճակից բխող հրատապ խնդիրների լուծման, ինչպես նաև ավելի երկարաժամկետ ու համակարգային աշխատանքների իրականացման ուղղությամբ:

 

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին