Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել են մոտ երեք ժամ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Ստամբուլում Բոսֆորի եվրոպական կողմում գտնվող Դոլմաբահչե պալատում կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը։ Բանակցային գործընթացն ընթանում է մամուլի համար փակ ռեժիմով։ Ռուսական պատվիրակությունը ներկայացնում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին, ապա պատվիրակությունները հանդիպել են ևս երկու անգամ, որից հետո բանակցային գործընթացն անցել է տեսաֆորմատի։ Բացի այդ, Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում կայացել է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։