Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԽ-ի հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հայաստանի ԱԽ-ի մարտի  28-ի հայտարարությանը՝ նշելով, թե տարածաշրջանում «լարվածության աճի հիմնական պատճառը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելն է»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հենց Հայաստանի կողմից եռակողմ համաձայնագրի կետերի խախտումն է բարձրացնում տարածաշրջանում լարվածությունն ու խաթարում խաղաղարար ջանքերը», – ասված է Բաքվի հայտարարությունում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև ասել է, թե իբր հենց իրենք են շուրջ մեկ տարի առաջ հայտարարել Հայաստանի հետ համապարփակ խաղաղության համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին, իսկ մեկ ամիս առաջ հրապարակել են կոնկրետ սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է լինի պայմանագիրը։

«Եթե հայկական կողմը խաղաղության պայմանագիրն ընկալում է լուրջ քայլ, այլ ոչ թե հերթական հանրային տեղեկատվական միջոցառում, ժամանակն է իրականացնել կոնկրետ քայլեր։ Կրկնում ենք, որ Ադրբեջանն իր հերթին պատրաստ է իրականացնել դրանք», – ասված է ԱԳՆ-ի հայտարարարությունում։