Ռուսաստանը չի բացառում, որ Էրդողանը Ստամբուլում կարող է բարձրացնել Ղարաբաղի թեման

Ռուսաստանի Դաշնությունը չի բացառում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի բանակցություններում (ռուս-ուկրաինական բանակցություններ) կարող է բարձրացնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը: Այս մասին ՏԱՍՍ-ինասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով:

«Մենք մեծ հույս ունենք, որ այս իրավիճակը կավարտվի խաղաղության պայմանագրով, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա»,- ասել է Մատվիենկոն՝ մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի և Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ։

Իսկ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն նշել է, որ Մոսկվան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը կկարգավորվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։

«Մենք ակնկալում ենք, որ այդ ամենն այնուամենայնիվ կկարգավորվի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում»,- ասել է նա։