Հայկական շահերից չէր բխում Քարագլխի հատվածում մեր դիրքերը հանելը. Սեյրան Օհանյան

Հայկական շահերից չէր բխում պայմանավորվածության համաձայն հայկական դիրքերը Քարագլխից ու հարակից տարվածներից հանվեն: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք չեն հասկանում, թե ինչ է ադրբեջանական խորամանկությունը: Արցախյան ազատամարտի ամբողջ պատմությունն է ցույց տվել, որ բոլոր մարտական ընդհարումներից հետո նրանք են խնդրել կանգնեցնել պատերազմը, այնուհետեւ վերախմբավորվել են և նոր սադրանքների են դիմել: Այդ առումով 100 տոկոսով համոզված չլինելով, որ նրանք հետ կքաշվեն, որևէ այդպիսի քայլի չպետք է գնային: Մանավանդ, որ Փառուխ, Խրամորթ գյուղերը սահմանամերձ բնակավայրեր են: Սա մեծ սխալ է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ռուսական կողմն է այդպիսի առաջարկությամբ հանդես եկել, նա ասաց. «Եթե ինչ-որ կողմ հանդես է եկել նման առաջարկությամբ, նախ պետք է իրենցից հարցնել: Բայց միաժամանակ պետք է հասկանալ, որ երբ մենք գտնվում ենք սահմանային իրավիճակում, ցանկացած հետքայլի դեպքում, երբ դու տեսնում ես, որ հետ չի քաշվել, նույնիսկ քո հետ քաշվելուց պետք է պահպանես քո կարողությունները, որ արագ նորից հակառակ գործողությունն անես ու նորից նստես սկզբնական դիրքերում»,-ասաց Սեյրան Օհանյանը: