Տաթև-Աղվանի ճանապարհի խոչընդոտները շրջանցելու ուղղությամբ 2 նոր ճանապարհ է կառուցվում․ Գնել Սանոսյան

«Տրանսպորտի ոլորտում 2021 թվականի համար նախատեսված է եղել 1,49 միլիարդ դրամ, որից ծախսվել է 1,44 միլիարդը»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարի խոսքով՝ տրանսպորտի ոլորտի հիմնական կարևոր ծրագրերից է եղել տարբեր մարզերում տրանսպորտային ցանցի զարգացմանն ուղղված փաթեթներ կազմելը և մրցութային գործընթաց սկսելը:

«Նախորդ տարի գրանցվեց Հյուսիս-հարավ ճանապարհահատվածում ամենամեծ ծավալի աշխատանքը՝ շուրջ 50 կմ, ինչը հնարավորությունից տվեց Թալինից Գյումրի ուղղությունը բաց պահել և շահագործել»,- հայտնեց ՏԿԵ նախարարը:

Նա կարևորեց Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը, որոնց ընդհանուր երկարությունը 77 կմ է:

Գնել Սանոսյանի ներկայացմամբ՝ բոլոր ճանապարհների ուղղությամբ կան աշխատանքներ, այս տարի շարունակվում են, Տաթև-Աղվանի ճանապարհը, որը դարձել է գլխավոր այլընտրանքային ճանապարհը:

Հայտնելով, որ այդ ճանապարհի 2 հատվածում դժվարություններ կան՝ նախարարն ասաց. «Խոչընդոտները շրջանցելու ուղղությամբ 2 նոր ճանապարհներ են կառուցվում՝ Տաթև-Լծենը և Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհները»: