«Եռաբլուրում» տեղի ունեցավ Արցախում զոհված Արարատ Թևոսյանի հուղարկավորությունը

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ մարտի 28-ին, տեղի է ունեցել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից մարտի 25-ին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս մահացու վիրավորվում ստացած Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող Արարատ Թևոսյանը:

ՊԲ պայմանագրային զինծառայող Արարատ Վագիֆի Թևոսյանը ծնունդով  Հադրութի շրջանի Ցոր գյուղից էր:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին, Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետեւանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) եւ Արարատ Վագիֆի Թեւոսյանը (ծնվ. 1990թ.)։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ավելի վաղ տեղեկացրել էր,   որ Ասկերանում կա 14 վիրավոր, գրեթե բոլորը վիրավորվել են ԱԹՍ-ի հարվածներից։

Հիշեցնենք՝ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում:

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:

Արցախի տեղեկատվական շտաբն ավելի վաղ հայտնել էր,    որ «Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմին հաջողվել է այս փուլում միայն դադարեցնել Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի հատվածում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը եւ նրանց կողմից տարբեր տրամաչափի զենքերից իրականացվող կրակոցները:

Ըստ շտաբի՝ ռուսական խաղաղապահ զորակազմին չի հաջողվել լուծել իր առաքելության շրջանակում գտնվող հիմնական խնդիրը, քանի որ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ու հարակից տարածքներ ներխուժած ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ տեղերում:

Լուսանկարները՝ News.am