Մակրոնը չի համաձայնել ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը չի համապատասխանում պայմանագրերին։

«Ռուսական գազը պետք է վճարվի պայմանագրերում համաձայնեցված արժույթով»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ուրբաթ օրը ԵՄ գագաթնաժողովից հետո ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի ղեկավարը հավելել է, որ «խոսքը եվրոյի մասին է»։ Միաժամանակ Մակրոնը նշել է, որ Եվրամիության առաջնահերթություններից է գազի գնի իջեցումը։

«Իրականում իրենց ապահովելու համար եվրոպական երկրները պետք է հասնեն գազի գնի իջեցման և Ռուսաստանից բացի նոր մատակարարներ գտնեն»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։

Նա խոստացել է, որ իրենք կպաշտպանեն ընտանիքներին, փոքր ու միջին ձեռնարկություններին գազի գնի բարձրացումից։

Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Եվրոպան գազի դիմաց պետք է վճարի ռուսական ռուբլով։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։