Ինչ է կատարվել Արցախում և ինչու, ինչ սպասել

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, ինչպես արդեն հայտնի է, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձել են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:

Արցախի տեղեկատվական շտաբը երեկ երեկոյան հայտնեց, որ բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այդ պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր:

Այսօր առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրեց ԱՀ ՊՆ մամուլի ծառայության նոր հաղորդագրությունը , ըստ որի, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մարտի 24-ին կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցրել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր,- նշված է Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:- Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:

Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։

Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ»։

Ավելի ուշ, այսօր ցերեկը հրապարակվեց ԱՀ ՊՆ մամուլի ծառայության ճշտող հաղորդագրությունը , ըստ որի, «Ճշտված տեղեկություններով` այսօր գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել  պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»:

Այսօր ժամը 16-ի կողմ Արցախի ՊՆ մամուլի ծառայության նոր տեղեկատվությունից  հայտնի դարձավ, որ թշնամին չի բավարարվել գիշերային հարձակմամբ:

«Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները,   շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից,  կիրառում է նաև հարվածային  անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի հրապարակած հաղորդագրության մեջ:- Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:

14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ»:

Մոտ 4 ժամ առաջ Արցախի Տեղեկատվական շտաբը հրապարակեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հայտնած տեղեկությունը , որի համաձայն, «Այս պահին ճշտված տեղեկություններով 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ 10-ը անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, 1-ը՝ միջին ծանրության, 1-ը՝ ծանր, 2 անձանց վիճակը ծայրահեղ ծանր է։

Վիրավորների հետ ունեցած առանձնազրույցներից պարզվել է, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով»։

Մոտ 2 ժամ առաջ Արցախի Տեղեկատվական շտաբի հրապարակած նոր հաղորդագրությունից  հայտնի դարձավ, որ «Մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.),  Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.)»:

Այսպիսով, թշնամու հարձակողական գործողությունների հետևանքով այսօր ժամը 22:30- ի դրությամբ ունենք 3 զոհ, 1 վիրավոր` ծայրահեղ ծանր վիճակում, ևս մեկը` ծանր վիճակում: Արցախի ՄԻՊ-ի հայտնած տեղեկությունից պարզ չի դառնում` վիրավորների վերոնշյալ քանակությունը` 14, իր մեջ ներառո՞ւմ է գիշերը վիրավորում ստացած 5 հոգուն, թե ոչ: Եթե ոչ, ուրեմն վիրավորների ընդհանուր թվաքանակը եղել է 19-ը, իսկ այս պահին արդեն 18-ն է, քանի որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներից մեկը մահացել է արդեն:

Մարտի 24-ին և 25-ին Արցախում կատարվածը 44-օրյա պատերազմից հետո ամենամեծ թեժացումն է, միաժամանակ` 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների ամենակոպիտ խախտումը և Արցախում գտնվող ռուսական խաղաղապահներին, խոշոր հաշվով, Ադրբեջանի կողմից Ռուսաստանի Դաշնությանը նետված ամենամեծ մարտահրավերը: Այնուհանդերձ, այն, ինչ երեկ և այսօր տեղի է ունեցել Արցախում, ոչ միայն միանգամայն սպասելի էր, այլև տողերիս հեղինակի կողմից լիովին կանխատեսված դեռ մեկ տարի առաջ սկսված և այս տարի շարունակված բազմաթիվ հրապարակումներով:

Ինչպես Ուկրաինայում ռուս- ուկրաինական ռազմական լայնածավալ հակամարտությունն էր կանխատեսելի ու մեր և այլոց կողմից դեռ 2021-ից կանխատեսված, այնպես էլ, այդ հակամարտության հետ միաժամանակ, հայկական կողմի հետ Ադրբեջանի նոր ռազմական բախումը, ընդհուպ թուրք- ադրբեջանական տանդեմի և Ռուսաստանի միջև պատերազմ սադրելը (պատերազմական գործողությունների թատերաբեմը` Արցախի, Հայաստանի, Ադրբեջանի տարածքներ):

Այն, որ Արցախում տեղի ունեցածը և նաև այն, ինչը, հնարավոր է, առաջիկայում տեղի ունենա, ուղղակիորեն կապված է ու կապված է լինելու Ուկրաինայում տեղի ունեցողի` ռուս- ուկրաինական հակամարտության հետ, այսօր Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում արձանագրել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկատվության  մեջ մասնավորապես նշված է.

«Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին օրերին Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել, քանի որ ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը:

«Ռուս-ուկրաինական հակամարտությունը ենթադրում էր, որ ադրբեջանական կողմն օգտվելու է առիթից և Արցախում դիմելու է տարբեր սադրանքների: Ինչպես գազամատակարարման խափանմամբ, այնպես էլ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժմամբ ու մարտական որոշակի գործողությունների հրահրմամբ Ադրբեջանի իշխանությունները ցույց տվեցին, որ չեն հարգում թե՛ 2020թ.-ի նոյեմբերին ընդունած եռակողմ հայտարարությունը, թե՛ դրանից հետո տարբեր մակարդակներով ստանձնած քաղաքական պարտավորությունները»»:

Այո, նաև 2020թ.-ի նոյեմբերին ընդունած եռակողմ հայտարարությունից հետո Ալիևի, Ադրբեջանի կողմից տարբեր մակարդակներով ստանձնած քաղաքական պարտավորությունները, այդ թվում նաև դրանցից վերջինը, որն Ալիևը ստանձնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին առերես հանդիպման ժամանակ: Եթե ուզում եք իրականությունն իմանալ (խոսքը չիմացողներին է վերաբերվում, իմացողները` գիտեն), ապա Պուտինը (Ռուսաստանը) Ադրբեջանին այն ժամանակ ճանաչելով ու հռչակելով իբրև Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, փորձեց սիրաշահել, յուրօրինակ կերպով կաշառել Ալիևին, Ադրբեջանին:

Իսկ ինչո՞ւ… Որպեսզի ռուս- ուկրաինական անխուսափելի և ՌԴ-ում վաղուց կանխատեսված ռազմական հակամարտությունից առաջ կամ դրա ընթացքում Ադրբեջանն այստեղ հանկարծ պատերազմ կամ, թեկուզ, իրավիճակի վտանգավոր ապակայունացում չսադրի, իրեն չներքաշի թուրք- ադրբեջանական տանդեմի դեմ պատերազմի մեջ, քանի որ Ուկրաինայի, միաժամանակ Ուկրաինայից ռազմական առումով շատ ավելի հզոր Թուրքիայի, ավելի ճիշտ, թուրք- ադրբեջանական տանդեմի (եթե պատերազմ սկսվեց, նրանք անպայման միասին են կռվելու) դեմ սովորական (ոչ միջուկային) սպառազինությամբ կռվելը Ռուսաստանի համար շատ դժվար, միգուցե չափազանց ծանր է լինելու (ասվածի հիմնավորումները դեռ կներկայացնենք), իսկ միջուկային զենքի կիրառումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ հղի է միջուկային զինատեսակների կիրառմամբ Աշխարհը մոխրացնող Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգով:

Սակայն, Արցախում գազատարի խափանումը, ինչպես նաև երեկ և այսօր տեղի ունեցած ռազմական գործողությունները վկայում են, որ Ալիևը խախտեց գոյություն ունեցող բոլոր պայմանավորվածությունները, բացառված չէ, նույնիսկ շատ հնարավոր է, ԱՄՆ-ի, Արևմուտքի պահանջով, ճնշմամբ:

Հիմա շատ կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, այսինքն` տեղայի՞ն (լոկալ) բնույթ ունեցող, թե անհամեմատ խոշոր, գլոբալ… Եվ դա պարզելու «լակմուսի թուղթը» կա…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան