Ռուս խաղաղապահները բանակցում են, նրանք մեր կողքին են, իսկ եթե գա պահը՝ ոտքի կկանգնի արցախցին

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժեցին Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության ՊՆ-ը։

Սակայն, չբավարարվելով առաջխաղացմամբ, մարտի 25-ի գիշերը ևս ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած տեղեկատվության համաձայն, թշնամու գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմն ունի առնվազն 5 զոհ։ Ցավոց պիտի նշենք, որ հայկական կողմից զոհվել է ՊԲ 2 պայմանագրային զինծառայող:

14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:

 Ստորև ներկայացնում ենք LIVEnews.am-ի հարցազրույցը Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։

– Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, հրադադարի պայմանավորվածությունը, ներխուժել են Արցախի Հանրապետության տարածք, որը 44-օրյա պատերազմից հետո գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Ադրբեջանցիները ոչ միայն մարտի 24-ին խախտեցին շփման գիծը, այլև մարտի 25-ի գիշերը կատարեցին ռազմական գործողություններ՝ խախտելով հրադադարը։ Մանրամասնեք խնդրեմ՝ ի՞նչ է տեղի ունեցել։

– Մարտի 24-ին ցերեկը ադրբեջանական զինված խմբերը լուռ, առանց մեկ կրակոցի կարողացան մտնել Արցախի Փառուխ գյուղ։ Գյուղը փոքր է, մարդիկ եղանակային պայմաններից ելնելով՝ գտնվել են իրենց բնակարաններում, չեն նկատել թշնամու զգուշավոր շարժը։ Եվ թշնամուն հաջողվել է շրջապատել գյուղը։ Մենք հասցրեցինք գյուղից բնակիչների ժամանակավորապես տարհանել։ Ցավոք, թշնամին կարողացավ մտնել գյուղ և դիրքավորվել։

Կատարվածին շատ արագ արձագանքեցին ռուս խաղաղապահները, քանի որ իրենց տեղակայման վայրը Փառուխից փոքր-ինչ այն կողմ գտնվող Խրամորթ գյուղն է։ Վերջերս բավականին խնդիրներ կային հենց Խրամորթի հետ կապված, ու ռուս խաղաղապահ ստորաբաժանումները տեղակայված էին այդ տարածում։ Շատ արագ արձագանքեցին՝ փորձելով կարգավորել հարցը։ Երեկ ամբողջ օրը ռուս խաղաղապահները փորձում էին բանակցությունների միջոցով՝ խաղաղ ճանապարհով լուծել հարցը։ 

– Սակայն, ինչպես տեսնում ենք, բանակցություններն առ այս պահը արդյունք չեն տվել։

– Այո, ադրբեջանցիները չեն զիջում գրավված հայկական դիրքերը։ Ադրբեջանական կողմը գործել է մեծ զգուշավորությամբ, նրանք ռուս խաղաղապահների ուղղությամբ չեն արձակել որևէ կրակոց, հետևաբար, ռուսական կողմից էլ չէին կարող լինել պատասխան կոշտ գործողություններ։ Ռուս խաղաղապահները փորձում են խաղաղ ճանապարհով, բանակցություններով վերադարձնել գրավված հայկական գյուղը, ինչպես տեսնում ենք՝ բանակցությունները արդյունք չեն տալիս։

Բացի այն, որ ադրբեջանցիները խախտել էին շփման գիծը, նաև իրականացրին ռազմական գործողություններ մեր ՊԲ-ի ստորաբաժանումների ուղղությամբ՝ ԱԹՍ-ների միջոցով։ Ցավոք ունենք զոհեր․․․ 

– Արձանագրենք մի կարևոր հանգամանք Փառուխ գյուղը գտնվում է շատ կարևոր տարածքում՝ Քարագլուխ կոչվող բարձունքի դիմաց։ Իսկ այս բարձունքը ռազմավարական առումով կարևորագույն նշանակություն ունի։ Թերևս հենց սրանով էլ պայմանավորված է ադրեբաջանական կողմի քայլը՝ ամեն կերպ գրավել բարձունքը։

– Այո, շատ կարևոր բարձունք է, քանի որ բարձունքից դիտարկվում է Արցախի վերհսկողության տակ մնացած գրեթե ողջ տարածքը․ Ասկերանի շրջանը հայտնվում է թշնամու բռի մեջ։ Նույնիսկ կարող են Ստեփանակետն այդ բարձունքից դիտարկել։ Գտնվելով Փառուխում, թշնամին կկարողանա մուտք ունենալ դեպի Քարագլուխ, այսինքն, Քարագլուխը կտրված չէ Փառուխից, որ հնարավոր լինի այն առանձին պահել։

Ասեմ, որ այս պահին էլ ռուս խաղաղապահները շարունակում են բանակցել, մինչդեռ թշնամու մյուս ստորաբաժանումները շարունակում են իրենց գործողությունները՝ փորձելով հասնել Քարագլուխ բարձունքին։ Սրանով պայմանավորված՝ տարածքում պահպանվում է անհանգստություն։

Այս իրավիճակում շատ կարևոր է, որ մենք լինենք սառնասիրտ, որքան էլ դժվար է, դա պետք է անենք։ Այսօր մենք իրականում ռուս խաղաղապահների բանակցությունների հույսին ենք․ ոչ թե ուժի գործադրման հույսին, այլ զուտ բանակցությունների հույսին։

Այն, որ բանակցությունները դեռ արդյունք չեն տալիս, սրանից փորձում են օգտվել արևմտամետ ուժերը՝ Արցախում և Հայաստանում։ Շատ են ակտիվացել «Սասնա ծռերը»։ Սրանք բոլորը խուճապ են առաջացնում ժողովրդի մեջ՝ պահանջելով, որ Արցախի ժողովուրդը հիմա ոտքի կանգնի և դեմ գնա ռուս խաղաղապահներին։ Այսինքն, իրենք հիմա ուզում են հենց Արցախում ապրող հայերի ձեռքով անել այն, ինչ ցանկանում է իրականացնել Ադրբեջանը, այն է՝ Արցախից հեռացնել ռուս խաղաղապահներին ու բերել ՆԱՏՕ-ի զորքերը, արևմտյան խաղաղապահներին։ Այսինքն, Թուրքիային հասցնել Արցախ։ Արևմտամետների ցանկության հետևանքը կլինի այն, որ Արցախն ամբողջովին կհայաթափվի։ Կստացվի, որ մենք խաղաղ ճանապարհով Արցախը հանձնում ենք թշնամուն։ Մենք դա թույլ տալ չենք կարող, մեր բնակչությունը չպետք է տրվի այդ սադրանքներին։

-Իրոք, ակտիվացել են արևմտյան ուժերը։ Տարածում են լուրեր, թե հայ զինվորականները մեղադրում են ռուս խաղաղապահներին, որոնք ստանձնել են պատասխանատվություն, բայց չեն կարողանում պաշտպանել Արցախի 100 000-ից ավելի խաղաղ բնակչությանը, պատշաճ չեն կատարում իրենց առաքելությունը։ Ռուսական կողմն էլ մատնանշում է, որ իրենք պատասխանատու չեն առաջնագծի համար, այլ ապահովում են կայունություն։ Ի դեպ, ՀՀ ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ ևս կա շեշտադրում, որ ակնկալիքները միայն ռուս խաղաղապահներից են։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։

 – Լինի ռուս, թե մեկ այլ խաղաղապահ, բոլոր խաղաղապահների առաքելությունն է՝ ապահովել կայունություն։ Գուցե մեր դեպքում առավել չեն կոնկրետացվել նրանց գործառույթները, բայց միևնույն է՝ նրանք իրավիճակը պետք է հանդարտեցնեն խաղաղ ճանապարհով։ Տեսեք, ադրեբեջանական կողմը իր քայլերն անում է չթիրախավորելով ռուս խաղաղապահներին, բայց ստեղծում է այնպիսի իավիճակ, որ ռուսները հայտնվեն անելանելի վիճակում։

Արցախցիներից շատերն ինձ զանգահարում են ու ասում՝ վեր կենանք, զենք վերցնենք ու Փառուխը հետ բերենք։ Մարդիկ պատրաստ են անցնելու ինքնապաշտպանության, որևէ մեկը չի ընկրկում, պատրաստ են կանգնել Հայկական բանակի կողքին։ Բայց այսօր մեր կողմից նման քայլերը կլինեն սխալ, քանի որ ռուս խաղաղապահներն անում են իրենց գործը։ Ես իմ աչքով եմ տեսել, թե ոնց են ռուս խաղաղապահներն իրականացնում իրենց գործառույթները, մարդիկ հիացած խոսում են այդ ահռելի աշխատանքի մասին։ Բայց ռուսները լավ չեն ճանաչում ադրբեջանցիներին, նրանց նենգությունն ու խորամանկությունը մենք լավ գիտենք։ Կարողացան այնպես գրավել Փառուխը, որ խաղաղապահները չկարողանան կոնկրետ քայլերի դիմել։ Ի՞նչ պետք է անի ռուս խաղաղապահը՝ բացի խոսքով ուշքի բերելուց հակառակորդին։

Ադրեբեջանը խախտել է եռակողմ հայտարարությունը, իսկ սա նշանակում է՝ իրավիճակի հանգուցալուծման համար միայն եռակողմ նոր քննարկում պետք է ծավալվի։ ՀՀ իշխանությունը ևս հավասարապես պատասխանատվություն է կրում, որովհետև ՀՀ վարչապետն իր ստորագրությունն է դրել եռակողմ հայտարարության տակ։ Սա նշանակում է, որ Արցախի հարցում ինքը ևս պատասխանատու է։ Եվ միայն կոչեր անելով չէ, դա յուրաքանչյուրը կարող է անել։ Նույնպիսի կոչեր անում է նաև ԱՄՆ-ը, ինչ- որ կերպ պե՞տք է ՀՀ իշխանությունը տարբերվի ԱՄՆ կառավարությունից։ Չէ՞ որ ՀՀ իշխանության գործառույթներ այլ են։

– Ադրբեջանի ակտիվացումը արդյո՞ք պայմանավորված չէ ՀՀ քաղաքականությամբմի իշխանություն, որն առայսօր չի հայտարարում, որ Հադրութն ու Շուշին օկուպացված են, չի ասում՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Փոխարենը, ընդունելի համարեց Ադրբեջանի վերջնագիր հիշեցնող 5 կետերն ու խոսում է խաղաղության օրակարգից։

– Միանշանակորեն համակարծիք եմ ձեր դիտարկման հետ։ Հիշենք կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի արած վտանգավոր հայտարարությունը․ ասում էր՝ ադրբեջանական կողմն իրեն հաղթած է զգում, բայց հաղթանակ չի ունենա, քանի դեռ այնտեղ ապրում են 117 000 հայեր։ Սրանով նա թշնամուն պարզ ասաց, որպեսզի հաղթանակը լինի վերջնական, Արցախում չպետք է ապրեն 117 000 հայեր։

Նման հայտարարությամբ Փաշինյանը մի քանի խնդիր է լուծում․ մի կողմից ցույց է տալիս աշխարհին, որ ռուս խաղաղապահներին չհաջողվեց պահպանել խաղաղություն, մյուս կողմից խուճախ է առաջացնում ժողովրդի մոտ։

Նրա հայտարարությանն էլ գումարվում են որոշ քաղաքական գործիչների գրառումները, թշնամու ջրաղացին ջուր են լցնում։ Պետք է կանգ առնել։ Այսօր կա մեկ պահանջ՝ ուղղված եռակողմ հայտարարությունը ստորագրած երեք կողմերին, այն է՝ արագ գտնել հանգուցալուծում և ոչ թե սլաքներն ուղղել ռուս խաղաղապահների ուղղությամբ, ինչ անում է ՀՀ իշխանությունը։

– Ադրբեջանն Արցախում գնալով նման սադիչ քայլերի, ուղղակիորեն թիկունքից հարվածում է բարդ իրավիճակում գտնվող Ռուսաստանին, որի նախագահի հետ մեկ ամիս առաջ Ալիևը ստորագրեց դաշնակցային հռչակագիր։ ՌԴ-ում պետք է որ հստակ գիտակցեն՝ Ադրբեջանը երբեք չի կարող լինել ազնիվ դաշնակից, ու օգտվելով ՌԴ լարված իրավիճակից, ցանկացած պահի կհարվածի թիկունքից։

– Ռուսաստանում դա շատ լավ են հասկանում։ Ադրբեջանն այդ ամենն անում է Թուրքիայի ու Արևմուտքի, մասնավորաբար, ԱՄՆ-ի թելադրանով։

Տեսնում ենք, որ Արևմուտքը ուղղակիորեն առճակատման չի գնում ՌԴ-ի դեմ, նա միշտ դա անում է երրորդ երկրի ձեռքով։ Նպատակը բոլոր կողմերից ՌԴ-ին թիրախավորելն է։

Արցախն այս իրավիճակում որպես միակ իրական դաշնակից երկիր, իրավունք չունի տրվել ադրբեջանական սադրանքների։

Մենք իրավուք չունենք դավաճանել մեր դաշնակցին։ Եվ ես սթափության կոչ եմ անում։ Պայքարելու ենք հանուն Արցախի, իսկ այս պահին մենք չպետք է խանգարենք ռուս խաղաղապահներին։ Բայց եթե գա պահը, մեր ժողովուրդը՝ մեր ու մանուկ, ոտքի կկանգնի ու զենքով կանցնի ինքնապաշտպանության։ Մենք չենք կարող կրել դավաճանի խարանը մեր ճակատին, մենք չենք կարող հեռանալ Արցախից, պիտի պայքարենք հանուն մեր հայրենիքի։

Պատրաստեց Ա Սիմոնյանը