Այսօր Անդրանիկ Մարգարյանի հիշատակի օրն է

Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակի օրն է։

Անդրանիկ Նահապետի Մարգարյանը ծնվել է 1951 թ. հունիսի 12-ին Կրասնոդարի երկրամասում ուսուցիչների ընտանիքում։ Ընտանիքով տեղափոխվել են Երևան, ապրել Վարդաշենում։ Հայրը մաթեմատիկայի ուսուցիչ էր, մայրը` հայոց լեզվի։ Ծնողները արմատներով Մուշից  էին՝ Արևմտյան Հայաստանից։

14 տարեկանում Անդրանիկ Մարգարյանը հիմնադրում է «Աշակերտական պայքար»  գաղտնի միությունը, որն զբաղվել է հայրենասիրական թռուցիկների պատրաստմամբ ու տարածմամբ: 1967 թվականին, ծանոթանալով Պարույր Հայրիկյանի հետ, անդամագրվում է «Շանթ» կազմակերպությանը, իսկ 1968 թվականից՝ Ազգային միացյալ կուսակցությանը, ակտիվորեն մասնակցում հակախորհրդային շարժմանը: 1973-ին դառնում է ԱՄԿ խորհրդի անդամ։

1967-1972 թթ. Մարգարյանը սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում` ստանալով հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում: 1972-74 թթ. աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ ինժեներ: Սակայն 1974 թ. նոյեմբերին ձերբակալվում է ՊԱԿ-ի կողմից: Նրա մոտ հայտնաբերում են հակասովետական, ազգայնական բովանդակության նյութեր, բանաստեղծություններ, թռուցիկներ և ծրագրային փաստաթղթերի ձևով գրականություն:

1975 թ. փետրվարին ՀՍԽՀ քր. օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով (հակասովետական ագիտացիա ու պրոպագանդա) և 67 հոդվածով (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաեւ հակասովետական կազմակերպությանը մասնակցելը) դատապարտվում է երեք տարի ազատազրկման: Սակայն անազատության մեջ երկու տարի մնալուց հետո վաղաժամ ազատվում է։

Ազատազրկումից վերադառնալուց հետո՝ 1977 թ. աշխատանքի է ընդունվում Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ:

1978-79 թթ. աշխատում է Էլեկտրատեխնիկական գործարանում որպես էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ, 1979-90 թթ.՝ Առևտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում՝ էլեկտրոնիկայի բաժնի վարիչ:

80-ականների կեսերից վերադառնում է քաղաքական գործունեությանը: Անդամագրվում է «Հայ դատ» կազմակերպությանը, 1987թ. դառնում նրա նախագահը։ Կազմակերպության օգնությամբ ստեղծվում է Բերդաձորի երկրապահների ջոկատը, որը մասնակցում է ռազմական գործողություների Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի սահմանամերձ գոտիներում:

Ղարաբաղյան  շարժման հենց սկզբից Մարգարյանը նվիրվում է Արցախի ազատագրմանը, մասնակցում կամավորական ջոկատների ստեղծմանը, մասնակցում մարտական գործողությունների, 1990-94 թթ. ղեկավարում Հատուկ ծրագրերի  պետական վարչության ինֆորմացիայի բաժինը։

1992 թ․ անդամագրվում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ): 1994-95 թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում աշխատում է որպես կրտսեր գիտաշխատող, 1995-ին ընտրվում է Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր: 1999 թ․ դարձյալ ընտրվում է ԱԺ պատգամավոր, մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավար: 1993-1997 և 1998-2005 թթ. եղել է ՀՀԿ խորհրդի նախագահ: 1997-98 թթ. եղել է ՀՀԿ նախագահ, 2005թ․ դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ: 1998-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ էր, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ:

ՀՀ նախագահի 2000 թ. մայիսի 12-ի հրամանագրով նշանակվում է ՀՀ վարչապետ։ Ղեկավարել է կառավարությունը մինչև 2007 թ․ մարտ: 2007 թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից:

Պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյան», «Գ. Նժդեհ» մեդալներով, ԵԿՄ «Վ. Սարգսյան» շքանշանով, ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալով, Ֆ. Նանսենի հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով։

«Անդրանիկ Մարգարյան» անունն է կրում ՀՀԿ-ի քաղաքական դպրոցը։