Արցախի և Սյունիքի աղետը ամբողջ Հայաստանի աղետն է

Արցախը և արցախահայությունն այսօր աղետի մեջ է։ Ինչ անուն էլ տան՝ «մարդասիրական աղետ», թե ինչպես Արցախի արտաքին գործերի նախարարությունն է անվանել՝ մարդասիրական ահաբեկչություն,  կամ ՀՀ ԱԳՆ խաղաղասիրական մեկնաբանությունը, թե՝  «Ադրբեջանը միտումնավոր խաթարում է Արցախի կենսական ենթակառուցվածքների աշխատանքը», փաստը մնում է փաստ՝ «կովկասի-թաթարստանը» շարունակում է գազային համառ ահաբեկչությունը։ Եվ այս շարունակվող ահաբեկչությունը բերելու է արցախյան աղետին, ինչքան էլ արցախահայությանը տոկունության ոգեշնչող  կոչ անի Արցախի Պահպանողական կուսակցության ղեկավար ու հայկական Երկրորդ Հանրապետության արտգործնախարարը Դավիթ Բաբայանը․ «Մենք նախ և առաջ պետք է ուժեղ լինենք հոգով, մենք իրավունք չունենք կոտրվելու։ Մենք կանգնած ենք և կանգնելու ենք մինչև վերջ։ Ուժ, համբերություն և անսասան հավատ բոլորիս»,- նշել է Բաբայանը իր հայտարարության մեջ։

Ցավոք այսօր միայն մեր արդարության հանդեպ հավատը ու Աստծո հույսը աղետալիորեն բավարար չեն: Իսկ Հայաստանի իշխանություններն ուզում են ձեռքները լվանալ Արցախից։ Ռուսաստանը, որի մասին խոսում է պարոն Բաբայանն իր կուսակցությանն հայտարարության մեջ, Ուկրաինայում է, նա ժամանակ չունի Արցախի համար… Իսկ Հայաստանը «բացակայում է». Հայաստանի իշխանություններն այլ օրակարգ ունեն…

Աղետը թևածում է Արցախի և արցախցիների գլխին: Բայց վտանգված է նաև Սյունիքը։ Սա պատահական չէ. արցախցիներն ու սյունեցիները միշտ, բոլոր դարերում, եղել են հայության հակաթուրքական դիմադրության առանցքը։ Դրա համար էլ նրանց են ահաբեկում։ ՀՀ Իշխանությունները տարօրինակ «խաղեր» էին տալիս Ներքին Հանդ գյուղի շուրջ. հիմա ի՞նչ՝ կովկասյան թաթարները գրավե՞լ են հայկական հողը, թե՝ ոչ։ Սյունիքի Ներքին Հանդ գյուղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ ՊՆ վերջին հայտարարությունը նպատակ ուներ կանխել քաղաքական դժգոհությունը, հասարակությունից թաքցնել գյուղի տարածք կովկասյան թաթարների ներթափանցման փաստը, ինչպես նաև արդարացնել այս ներթափանցումը կանխելու համար քայլերի բացակայությունը։ Դա դատապարտման է արժանի, քանի որ անտեսում է Հայաստանի սահմանամերձ բնակիչների անվտանգությունն ու տարրական իրավունքները։ Այս կարծիքը մարտի 23-ին հայտնեց մեր հանրապետության նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։ Նրա խոսքով, օբյեկտիվ փաստերը հաստատում են, որ ադրբեջանցիների թիրախում են հայտնվել գյուղացիների արոտավայրերի մեծ մասը, վարելահողերը, այգիները, ինչպես նաև գերեզմանոցը։ «Այս հայտարարությունը, ինչպես նաև ՊՆ նախկին պարզաբանումը Ադրբեջանի կողմից օգտագործվելու է Հայաստանի շահերի դեմ»,- ընդգծում է Թաթոյանը, հավելելով, որ Բաքուն կասի, թե իր զինվորականները պարզապես «անմեղ» են տեղակայված Ներքին Հանդի մոտ և դժվարություններ չեն ստեղծում բնակչության համար։ Ուստի, շարունակում է Արման Թաթոյանը, ՊՆ պարզաբանումը չունի լեգիտիմություն և չի կարող հիմք հանդիսանալ Հայաստանի բնակչության անվտանգության ապահովման, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության հարցերում հատկապես միջազգային ատյաններում։

Ամեն ինչ ասված է: Ներքին Հանդ գյուղի մերձակայքում գտնվող օկուպացիոն գոտին ավելացել է Սև Լիճ լճի շրջակայքում գտնվող հայկական հողերի օկուպացիայի գոտուն…

Չմոռանանք՝ Արցախի և Սյունիքի աղետը նշանակում է ամբողջ Հայաստանի աղետ…

Սերգեյ Շաքարյանց