Արցախում տեղական արտադրանքի ծավալների ավելացմանը միտված ծրագրերը հաստատվել են. փոխնախարար

ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հաստատվել են «Ջերմոցային տնտեսությունների զարգացման», «Ցանքաշրջանառության խթանման» և «Այգեգործության զարգացման» ծրագրերը, որոնք կնպաստեն Հանրապետության տեղական արտադրանքի ծավալների ավելացմանը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը:

«Ջերմոցային տնտեսության զարգացման ծրագիրը ենթադրում է երկու միջոցառում: Առաջինը գործող ջերմոցային տնտեսություններին տրամադրվող միանվագ աջակցությունն է՝ ջեռուցվող ջերմատների դեպքում` 1 քառ. մետրի դիմաց 600 դրամ, իսկ չջեռուցվող ջերմոցների դեպքում` 1 քառ. մետրի դիմաց՝ 300 դրամ: Երկրորդ միջոցառումը վերաբերում է նոր կառուցվող ջերմոցային տնտեսություններին, որը ևս բաղկացած են երկու մասից: Առաջինը սովորական ավանդական ջերմոցային տնտեսությունների կոնստրուկցիոն կառուցման համար տրամադրվող աջակցությունն է՝ 1 քառ. մետրի դիմաց 8000 դրամ, բայց կան նաև սահմանափակումներ, այսինքն՝ նվազագույնը 100 քառ. մետրից սկսած, և կան նաև սահմանված չափորոշիչներ կողային բարձրությունների և առավելագույն բարձրության համար. Կողային բարձրությունը 2 մ-ից ոչ պակասն է, իսկ առավելագույն բարձրությունը՝ ոչ պակաս, քան 4.5 մ: Երկրորդ միոցառումը նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ջերմատների կառուցումն է՝ 1 քառ. մետրի համար 22 000 դրամ, որտեղ սահմանափակումները սկսվում են` սկսած նվազագույնը 500 քառ մետրից»,-ներկայացրել է Վ. Ավետիսյանը, և հավելել, որ ջերմատների համար կարկտապաշտպան ցանցեր կտեղադրվեն, որոնց համար կտրամադրվի 250 դրամ 1 քառ. մետրի դիմաց:

Ըստ Վ. Ավետիսյանի «Այգեգործության զարգացման» ծարգրով ևս նախատեսվում է երկու միջոցառում:

«Առաջինը տնկիների արժեքի մասնակի սուբսիդավորումն է, բայց ոչ ավել, քան 100 դրամ մեկ տնկիի դիմաց: Մյուս միջոցառումը կարկտապաշտպան ցանցերի տեղադրումն է: Այն այգիների դեպքում, որտեղ տեղադրված են հենասյուներ, կտրամադրվի 3 մլն դրամ, քանի որ ենթադրվում է, որ աշխատանքների մի մասը կատարված է, իսկ եթե այգին նոր է հիմնվում կամ չի ենթադրում հենասյունային մշակություն, ապա տրամադրվում է 6 մլն դրամ»,-նշել է նա:

Փոխնախարարի համոզմամբ՝ ամենամեծ ու խոշոր ծրագիրը ցանքաշրջանառության խթանման ծրագիրն է, որով նախատեսվում են մի քանի միջոցառումներ:

«Այս ծրագրով կտրամադրվեն գարնանացան մշակաբույսերի սերմեր՝ արժեքի մասնակի սուբսիդավորմամբ, տվյալ դեպքում մինչև 80 %: Բազմամյա մշակաբույսերի դեպքում տրամադրելու ենք անհատույց, իսկ եգիպտացորենի, հնդկացորենի, կտավատի և արևածաղկի դեպքում` մինչև 80 %՝ արժեքի մասնակի սուբսիդավորմամբ: Բացի դրանից, այն հողօգտագործողները, ովքեր կզբաղվեն եգիպտացորենի մշակությամբ անասնապահական ֆերմաների համար, այս դեպքում 1 կգ իրացված սիլոսի հումքի դիմաց կտրամադրվի 10 դրամ լրավճար: 20 դրամ լրավճար կտրամադրվի ծխախոտի հումքի իրացման դեպքում: Իսկ ոլոռի, սիսեռի, ոսպի դեպքում պետական աջակցություն սերմերի տրամադրման մասով չի նախատեսվում, սակայն նախատեսվում է պետական աջակցության լրավճարի տրամադրում մինչև 30 դրամ 1 կգ դիմաց, եթե հողօգտագործողները իրացումը իրականացնեն ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պահեստներում, որի համար առաջարկվելու է շուկայականից բարձր գին»,-ասել է փոխնախարարը: