«Ոսկի սերմեր» ծրագրի 7-րդ կրթամրցանակը նվիրված է Վաչագան Մանուկյանի հիշատակին

«Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամը և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը հայտարարել են երախտիքի և հարգանքի «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» կրթամրցանակի մեկնարկը։ Այն նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ֆակուլտետի մագիստրանտ, գրող-հրապարակախոս Վաչագան Մանուկյանի հիշատակին։
Մրցանակը նախատեսում է յուրաքանչյուր կիսամյակ 200 000 (երկու հարյուր հազար) դրամի չափով աջակցություն տրամադրել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատի (առկա/հեռակա) այն ուսանողին (սկսած 2-րդ կուրսի 2-րդ կիսամյակից), որի տվյալները կհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին (բոլորին կամ գերակշիռ մասին)` առաջադիմություն, ստեղծագործական ակտիվություն,  նորարար միտք, քաղաքացիական հանձնառություն և  այլն։

Մրցույթին մասնակցելու կարգը

Մինչև 2022 թ․ ապրիլի 22-ը հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected] ուղարկել հավակնորդի CV-ն,

մոտիվացիոն նամակը,

մասնագիտական հաջողությունները վկայող նյութերը՝ հեռուստա-/ռադիոհաղորդումները, հարցազրույցները և այլն։

Կրթամրցանակակրի ընտրության պատշաճ ընթացքը կկազմակերպի ժյուրին, որը բաղկացած է ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսների, փորձագետների, Վաչագանի ընտանիքի, բարերարների և «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի ներկայացուցիչներից:

Կրթամրցանակի հովանավորը կանադահայ բարերար Արա Մուրադյանն է։

«Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»։

Վաչագան Խաչիկի Մանուկյանը ծնվել է 1991 թ. Էջմիածին քաղաքում: Նա ծառայության ընթացքում պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով: Վաչագանը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին՝ Շուշիի մատույցներում: