Ճապոնիան մեկնաբանել է Ռուսաստանի դուրս գալը խաղաղ պայմանագրի շուրջ երկխոսությունից

Խաղաղության պայմանագրի շուրջ Ճապոնիայի հետ երկխոսությունից դուրս գալու Մոսկվայի որոշումը «անընդունելի դաժան» է։ Այս մասին երեքշաբթի օրը՝ մարտի 22-ին, երկրի խորհրդարանի վերին պալատում լսումների ժամանակ ասել է վարչապետ Ֆումիո Կիսիդան, հաղորդում է The Nikkei թերթը։

«Սա անընդունելի դաժան է, բացարձակապես չարդարացված և անթույլատրելի։ Մենք խստորեն բողոքում ենք այս որոշման հետ կապված»,- մեկնաբանել է Կիսիդան Կրեմլի որոշումը։

Վարչապետի խոսքով՝ Ճապոնիայի դիրքորոշումը տարածքների հարցում և խաղաղության պայմանագրի կնքման հարցում չի փոխվել։

«Միևնույն ժամանակ, ինչպես ես ավելի վաղ ասել էի, ուկրաինական իրադարձությունների լույսի ներքո Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսությունն այժմ անհնար է»,- հիշեցրել է Կիսիդան:

Ավելի վաղ՝ մարտի 21-ին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտնել էր, որ Ռուսաստանը հրաժարվում է Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից։ Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված Ռուսաստանի դեմ Ճապոնիայի կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների ակնհայտ ոչ բարեկամական բնույթը։