Վենետիկի հանձնաժողովի կողմից բարձրացված հարցերի արդյունքում հարցականի տակ է դրվում նախագծի ամբողջ տրամաբանությունը

Արդարադատության նախարարությունն առաջարկում է սահմանել դատավորի (այդ թվում նաև՝ ՍԴ դատավորի) անհամատեղելիության պահանջների խախտման (լիազորությունների դադարեցման) նոր հիմք: Այսպես, դատավորի լիազորությունները դադարում են, եթե միջազգային դատարանի կողմից արձանագրվել է, որ վերջինս միտումնավոր կերպով խախտել է մարդու հիմնարար իրավունքները:

Վենետիկի հանձնաժողովը մարտի 21-ին հրապարակված կարծիքում իր մտահոգություններն է հայտնել նախագծի վերաբերյալ:

Վենետիկի հանձնաժողովը չի տեսնում առաջարկվող նախագծի անհրաժեշտությունը, քանի որ և՛ գործող, և՛ շուտով ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքերով արդեն իսկ նախատեսված են կարգավորումներ, որոնք քրեական պատասխանատվություն են սահմանում ակնհայտ անարդար դատավճռի համար:

Ավելին, Վենետիկի հանձնաժողովը ընդգծել է, թե ինչքանով կարող է «միտումնավոր խախտում» կատարած լինելու փաստը դիտարկվել որպես անհամատեղելիության պահանջի խախտում (լիազորությունների դադարման հիմք) այն դեպքում, երբ անհամատեղելիության պահանջը ենթադրում է դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի այլ գործունեությամբ զբաղվելու արգելք:

Փաստացի, Վենետիկի հանձնաժողովի կողմից բարձրացված հարցերի արդյունքում հարցականի տակ է դրվում նախագծի ամբողջ տրամաբանությունը:

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հետևյալ հղումով՝ https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2022)002-e

«Լույս» հիմնադրամ